Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու ծրագրերը, ի վերջո, հակառակ արդյունքի կհանգեցնեն։
Նա երկուշաբթի երեկոյան X սոցիալական ցանցում հրապարակել է մի շարք նկարներ։ Դրանցում պատկերված է մի տղամարդ, որը հայտարարում է «պատմության մեջ ամենախիստ տնտեսական միջոցառումների» մասին։ Տղամարդը բումերանգ է նետում, որը, ի վերջո, վերադառնում և հարվածում է նրա գլխին։
«Ձեր սառեցված արտաքին քաղաքականությունը կարող է ձեզ միայն սառեցված տնտեսություն տալ։ Միակ բանը, որը չի սառեցվի, իրանական բումերանգն է», – նկարը մակագրել է Ղալիբաֆը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելու խոշոր գործողություն սկսելու մտադրության մասին։
Ղալիբաֆը ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարող իրանական պատվիրակության ղեկավարներից մեկն է։