Կանադան ԱՄՆ-ի հետ առևտրից շատ ավելի մեծ օգուտ է ստանում, և հիմարություն է կարծել, թե Օտտավան կարող է հաղթել Վաշինգտոնին առևտրային պատերազմում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
«Կանադան ԱՄՆ-ի հետ առևտրից շատ ավելի մեծ օգուտ է ստանում, քան ԱՄՆ-ը՝ Կանադայի հետ առևտրից։ Կարծել, որ նրանք պատրաստվում են առևտրային պատերազմ վարել Դոնալդ Թրամփի դեմ և իրականում հաղթել այդ պատերազմում ԱՄՆ-ին, իմ կարծիքով՝ նրանց կողմից հիմարություն է», – Fox News-ի եթերում ասել է նա։
Ավելի վաղ The Atlantic ամսագիրը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտվում է Կանադայի հետ առևտրային հակամարտությունում, իսկ Օտտավայի նկատմամբ սպառնալիքներն ու ճնշումը չեն արդարացրել իրենց։ Հրատարակականը նշել էր, որ, չնայած Կանադայի տնտեսության զգալիորեն փոքր չափերին, երկրի կառավարությունն ավելի ռացիոնալ է գործում և կարող է պաշտպանել ազգային շահերը առևտրային հակամարտության ընթացքում։
Այս շաբաթ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել էր ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները դադարեցնելու և ամերիկյան ապրանքների նկատմամբ նույն ծավալի պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։ Նախատեսվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ին։
ԱՄՆ-ի առևտրային բանակցություններում ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարել էր, որ Կանադայի կառավարությունը հրաժարվել է Վաշինգտոնի համար շահավետ գործարքից, ինչի հետևանքով կանադական որոշ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի 50 տոկոս մաքսատուրքերը ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ին։