Իրանի իշխանություններն ԱՄՆ-ի յուրաքանչյուր թշնամական գործողության համար պատասխան ծրագիր ունեն, ինչպես նաև սցենար, որը թույլ կտա բացառել Վաշինգտոնի նոր սահմանափակումների բացասական ազդեցությունը Իրանի վրա և տնտեսական կապեր հաստատել տարբեր երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների, պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհաբին։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը Իրանի դեմ ամենակոշտ տնտեսական պատերազմը սկսելու մասին նշանակում է Վաշինգտոնի՝ ռազմական դաշտում պարտության լուռ ընդունում», – իրանական SNN գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Մոհաբին։
ԻՀՊԿ ներկայացուցիչը նշել է, որ տնտեսական պատերազմը Թեհրանի համար նորություն չէ։ «ԱՄՆ-ը նման պատերազմ է վարում արդեն 47 տարի և պատժամիջոցներ է սահմանել Իրանի տնտեսության բոլոր հիմքերի նկատմամբ», – ասել է նա։
«Իրանն ունի հակառակորդի յուրաքանչյուր թշնամական գործողության պատասխանելու ծրագիր, ինչպես նաև սցենար, որը թույլ է տալիս խուսափել նոր ճնշման բացասական հետևանքներից և հեշտությամբ տնտեսական հարաբերություններ հաստատել տարբեր երկրների հետ», – ընդգծել է Մոհաբին։
ԻՀՊԿ ներկայացուցիչը նշել է, որ «տնտեսական ոլորտում Իսլամական Հանրապետությունը որևէ մտահոգություն չունի»։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները «տնտեսական կապերը զարգացնում են ԱՄՆ-ի քթի տակ՝ շրջանցելով նրան, և արդյունքը տեսանելի կլինի մոտ ապագայում»։