Կիևի առաջարկներն էկզոտիկ են և անընդունելի․ Պուտին

Կիևի առաջարկներն էկզոտիկ են և անընդունելի․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ ռուսական հարվածները, իր գնահատմամբ, արդյունավետ են և նպաստում են մարտական խնդիրների իրականացմանը։ Նա անդրադարձել է նաև Կիևի հետ դիմակայությանը, Ռուսաստանի պատասխան գործողություններին, խաղաղ կարգավորման առաջարկներին և ներքաղաքական հարցերին։

Պուտինի խոսքով՝ ռուսական զինված ուժերի կողմից Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցվող հարվածներն «արդյունավետ և ժամանակին են»՝ օգնելով զինվորականներին կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։

«Ռուսական բանակի հարվածներն Ուկրաինայի ուղղությամբ ամենաուղղակի և դրական կերպով են ազդում ռազմական գործողությունների ընթացքի վրա»,- հայտարարել է նա։

ՌԴ նախագահը պնդել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածները չեն փոխել պատերազմի ընդհանուր ընթացքը։

«Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինայի հարվածներից որևէ բեկում տեղի չի ունեցել»,- ասել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մեծացրել է Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցվող հարվածների ծավալը՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Ուկրաինայի հարվածներին։

«Կիևի իշխանություններն իրենք են «ջինը շշից բաց թողել», երբ սկսել են հարվածել ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ստացեք պատասխանը»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ ռուսական զորքերը մեծացրել են հարձակման տեմպերը և վստահորեն կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Անդրադառնալով խաղաղ կարգավորմանը՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի կողմից ստացված Կիևի առաջարկները երբեմն «էկզոտիկ» են և անընդունելի։

« Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ երկխոսության միայն տեղում առկա իրողությունների հիման վրա։ Մինչ այժմ նրանց առաջարկներն էկզոտիկ են և անընդունելի»,- ասել է նա։

Նա նաև ասել է, որ հակառակորդը փորձում է վախեցնել Ռուսաստանի քաղաքացիներին և խափանել ընտրությունները, սակայն այդ փորձը, նրա համոզմամբ, դատապարտված է ձախողման։

«Հակառակորդը փորձում է վախեցնել ռուսաստանցիներին և խափանել ընտրությունները, բայց այդ փորձը դատապարտված է ձախողման»,– ասել է Պուտինը։

Պուտինը նաև անդրադարձել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը՝ իր աջակցությունը բնական համարելով։

«Իմ աջակցությունը «Եդինայա Ռոսիային» բնական է, քանի որ ժամանակին ես եմ մասնակցել այդ կուսակցության ստեղծմանը»,– նշել է նա։

Leave a Comment