Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան, հայտնել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։
Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։
Սարգսյանը նշել է, որ ամենակարևորը հերոսի կնոջ՝ Սեդայի ու եղբոր՝ Մարգարի համաձայնությունը ստանալն էր, որից հետո սկսել են նկարահանումները։
Նա նաև պատմել է, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարաններին։
«Երևի պատկերացնում եք, որ նման ֆիլմի համար դա կատաստրոֆա է։ Դու որպես մարդ ՀՀ-ում չես կարող ինքնագլուխ պատերազմական տեսարաններ նկարել, որովհետև նման տեսարաններին հիմնականում աջակցում է Պաշտպանության նախարարությունը և իրենց ներկայացուցիչներն են գալիս։ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել ու երևի թե իմ կյանքի ամենաանելանելի իրավիճակներից մեկն է եղել դա, որ կոկորդիդ կանգնած է»,- հիշել է ֆիլմի հեղինակը։ Նա նշել է, որ, չնայած դժվարություններին, այդ տեսարանները նկարահանվել են։
Ֆիլմի ռեժիսորը Սուրենը Սաֆարյանն է, Մոնթեի դերը կատարում է Վլադիմիր Մսրյանը։
Սարգսյանը հավելել է, որ ֆիլմը կոմերցիոն նպատակ չի հետապնդում և նպատակը հերոսին անմահացնելն է։
«Այս ֆիլմերը լինելու են, մնալու են և դա արվում է, որպեսզի հետագայում մեր հետագա սերունդները, մեր երեխաները, մեր թոռները, եթե անգամ գրքերում էլ այնպես ստացվի, որ չկարողանան կարդալ մեր հերոսների անունները, գոնե լինի ֆիլմ, ֆիլմեր, որոնց միջոցով իրենք կկարողանան ծանոթանալ մեր մեծերի հետ»,- շեշտել է նա։
