30 տարի անց դատարանում է Թուփաք Շաքուրի սպանության գործը

Երաժշտական աշխարհի ամենաաղմկոտ և երկար չբացահայտված հանցագործություններից մեկի՝ ամերիկացի ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործը երեք տասնամյակ անց հասել է դատարան։ 25-ամյա ռեփերը, որը հասցրել էր իր սերնդակիցների ձայնը դառնալ, սպանվել է 1996-ի սեպտեմբերին։ Ամբաստանյալի աթոռին հանցագործ խմբավորման 63-ամյա նախկին առաջնորդն է։ Սակայն դատավարության անսովոր դրվագներից մեկն այն է, որ փաստաբանները կոչ են անում չհավատալ հենց իրենց պաշտպանյալի՝ տարիներ առաջ արած խոստովանություններին։

Գրեթե երեք տասնամյակ անց աշխարհի ամենահայտնի չբացահայտված հանցագործություններից մեկի՝ ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործը հասել է դատարան։ 

Լաս Վեգասում օգոստոսի 17-ին մեկնարկել է 1996 թվականին սպանված ռեփերի գործով դատավարությունը։ Ամբաստանյալի աթոռին 63-ամյա Դուեյն «Քիֆ Դի» Դևիսն է՝ «South Side Compton Crips» խմբավորման նախկին առաջնորդը։ 

Ըստ քննության նյութերի՝ Դևիսն անձամբ չի կրակել Թուփաքի վրա, սակայն ծրագրել և կազմակերպել է զինված հարձակումը: Մեղադրանքի կողմը, մասնավորապես, նշել է․

«Դուեյն Դևիսը չի եղել այն մարդը, որը քաշել է ձգանը։ Բայց նա կազմակերպել է այդ սպանությունը։ Նա ձեռք է բերել զենքը և միացել այն խմբին, որը գնացել էր Թուփաք Շաքուրին սպանելու»։

Ըստ Deutsche Welle-ի՝ մեղադրանքի հիմնական վարկածը վրեժն է։

1996 թվականի սեպտեմբերի 7-ի երեկոյան Թուփաք Շաքուրն ու նրա ընկերները Լաս Վեգասում հետևել են Մայք Թայսոնի մենամարտին, որից հետո հյուրանոցում ծեծկռտուք է տեղի ունեցել Թուփաքի և Դևիսի զարմիկի միջև։

Մեղադրող կողմի վարկածով՝ այս միջադեպից մի քանի ժամ հետո է կազմակերպվել վրեժխնդիր հարձակումը։ Դևիսն ու ևս երեք հոգի սպիտակ կադիլակից կրակ են բացել Թուփաքի ավտոմեքենայի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքներից 25-ամյա ռեփերը վեց օր անց մահացել է։

Թուփաքի սպանության գործով դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Բինու Պալալը հայտարարել է․

«Այդ ամենը սկսվել էր դեպքից մի քանի ժամ առաջ տեղի ունեցած ծեծկռտուքից։ Թուփաքի շրջապատը հարձակվել էր Օռլանդո Անդերսոնի վրա, իսկ հետո Դևիսն ու նրա խմբի անդամները որոշել էին վրեժ լուծել։ Նրանք հետևել են Թուփաքին և կրակ բացել մեքենայի ուղղությամբ»։ 

Սակայն դատաքննությունը լուրջ խնդրի առջև է․ գործի առանցքային ապացույցները հենց Դևիսի նախկին խոստովանություններն են, որոնք նա արել է  հարցազրույցներում, փոդքասթներում և 2019 թվականին հրատարակած իր հուշագրության մեջ։ 

Դատախազները պնդում են, որ տարիներ շարունակ Դևիսն ինքն է պատմել սպանության հանգամանքների մասին։ Սակայն պաշտպանական կողմը բոլորովին այլ դիրքորոշում ունի․ փաստաբանը երդվյալ ատենակալներին կոչ է անում չհավատալ իր պաշտպանյալի նախկին հայտարարություններին՝ պնդելով, որ Դևիսը չափազանցրել կամ հորինել է իր մասնակցությունը՝ ուշադրություն գրավելու և գրքի վաճառքն ավելացնելու համար։ Փաստաբան Մայքլ Սանֆթը, մասնավորապես, պնդել է․

«Իմ հաճախորդը շատ է խոսել։ Նա պատմություններ է հորինել և չափազանցրել իր դերը։ Նա ցանկանում էր վաճառել իր գիրքը և իրեն ներկայացնել որպես մարդ, որը ներսից գիտեր այդ պատմությունը»։

Reuters-ի դիտարկմամբ՝ պաշտպանության հիմնական մարտավարությունն անսովոր է․ փաստաբանը երդվյալ ատենակալներին փաստացի կոչ է անում չհավատալ իր պաշտպանյալի նախկին խոստովանական ցուցմունքներին։

Պաշտպանության կողմը կարծում է նաև, որ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտելու համար հավաքված ապացույցները բավարար չեն։ 

«Եթե ուզում եք հավատալ Դուեյն Դևիսին, ապա պետք է հավատաք նրա բոլոր պատմություններին։ Իսկ դրանք ժամանակի ընթացքում փոխվել են։ Մենք այստեղ ենք ցույց տալու համար, որ դրանք իրականում հաստատված չեն և չեն կարող սպանության ապացույց համարվել»։

Դատավարության ընթացքում արդեն ցուցմունք են տվել մի շարք վկաներ, այդ թվում՝ Դևիսի նախկին ծանոթ Ջեյմս «Մոբ Ջեյմս» Մաքդոնալդը, որը դատարանում իրեն հայտարարել է «թշնամի վկա»։ Ներկայացվել են նաև Թուփաքի մահվան հանգամանքներին վերաբերող բժշկական ապացույցներ։

Գործում կրկին հնչել է Շոն «Դիդի» Քոմբսի անունը։ Դևիսը տարիներ առաջ պնդել էր, թե Քոմբսը մեկ միլիոն դոլար է առաջարկել Թուփաքին և Սյուժ Նայթին սպանելու համար, սակայն այս պնդումը հաստատված չէ, իսկ Քոմբսը գործով մեղադրյալ չէ։

Սյուժ Նայթը, որը կրակոցների պահին Թուփաքի հետ նույն մեքենայում էր, և ինքն էլ վիրավորվել էր, դատարանում ցուցմունք չի տալու։

Ենթադրվում է, որ դատավարությունը կտևի մոտ վեց շաբաթ։ Եվ եթե այն ավարտվի նախատեսված ժամկետում, վճիռը կարող է հնչել Թուփաքի սպանության 30-րդ տարելիցին՝ սեպտեմբերի 7-ին մոտ ժամանակահատվածում։ 

Leave a Comment