2026 թվականի տարեվերջին ավարտվում է Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը սահմանող համաձայնագրի ժամկետը։ Սակագնի վերանայման մասին պաշտոնական հայտարարություններ չեն հնչել, բայց ակնարկներ եղել են։ Գազի հնարավոր թանկացումը կարող է շղթայական ռեակցիայով մեծացնել էլեկտրաէներգիայի սպառման բեռը, ինչին, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պնդմամբ, համակարգը պատրաստ է դիմակայել օպերատիվ և ճգնաժամային կառավարման միջոցներով։
Միևնույն ժամանակ, ռուսական գազից մոտ 82-տոկոսանոց կախվածությունը նվազեցնելու համար Հայաստանը դիտարկում է այլընտրանքային ուղղություններ՝ Իրանից ներկրման ծավալների ավելացումից ու TRIPP-ի ենթակառուցվածքային հնարավորություններից մինչև Ադրբեջանից գազի հնարավոր մատակարարումներ։
Հայաստան հասնող ռուսական գազի գինը տարեվերջին կարող է վերանայվել։ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանը սահմանին 1000 խորանարդ մետրի դիմաց վճարում է 165 դոլար։ Ներկայիս սակագինը սահմանող համաձայնագիրը գործում է մինչև այս տարեվերջ։
Սակագնի վերանայման մասին պաշտոնական հայտարարություններ չեն հնչել, բայց ակնարկներ եղել են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլյան հանդիպման ժամանակ խոսել էր Հայաստանին մատակարարվող գազի արտոնյալ պայմանների մասին։
«Ինչ վերաբերում է էներգետիկային։ Հույս ունեմ, որ այստեղ էլ իրավիճակը կկարգավորվի։ Սակայն դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։ Մենք այս հարցում էլ հաճախ ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ են՝ 600 և 177,5»։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր այլընտրանքային և նոր տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը։
«Իհարկե, մենք համագործակցում ենք նաև էներգետիկայի ոլորտում, և այստեղ նույնպես ունենք ավանդաբար ուժեղ կապեր և համագործակցություն։ Պետք է ասեմ, որ մենք այժմ շատ սերտ աշխատում ենք ռուսական կողմի հետ՝ նոր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար։ Նկատի ունեմ էներգետիկայի նոր տեխնոլոգիաները, որովհետև Հայաստանում շատ լավ են զարգանում էներգետիկայի նոր տեխնոլոգիաները՝ արևային էներգետիկան և այլն»։
Եթե գազը թանկանա, դրա հետևանքը կարող է զգացվել ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի շուկայում՝ փոխելով էներգակիրների սպառման կառուցվածքն ու մեծացնելով էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը։

Իսկ պատրա՞ստ է ՀԷՑ-ը հնարավոր լրացուցիչ պահանջարկին։ Այս հարցը «Ռադիոլուր»-ն ուղղել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։
«ՀԷՑ-ի ենթակառուցվածքները, որքանով որ մաշված ու, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում են, բայց ՀԷՑ-ի ընթացիկ կառավարման ընթացքում ձեռք բերված գիտելիքը, փորձառությունը, այդ թվում նաև ոլորտի մասնագետների ներգրավումը և այսօրվա ժամանակավոր վարման պատասխանատու թիմը պատրաստ է ցանկացած զարգացման՝ օպերատիվ կառավարման, ճգնաժամային կառավարման և իրավիճակի վերահսկողության, առաջացող ռիսկերի ճիշտ գնահատման, այդ ռիսկերի կանխարգելման ու չեզոքացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու»։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ՀԷՑ-ի շուրջ 50 միլիարդ դրամանոց ներդրումային ծրագրի մոտ 30 տոկոսն արդեն իրականացվել է։ Մինչև տարեվերջ նախատեսվում է բաշխման ցանցում վերակառուցել ևս շուրջ 500 կմ օդային և մոտ 90 կմ մալուխային գծեր, կառուցել առնվազն 5 խոշոր բարձրավոլտ ենթակայան։
Բայց Հայաստանի համար խնդիրը միայն գազի գինը չէ, այլև այն, թե որքան մեծ է ռուսական գազից կախվածությունը։ Անցյալ տարի Հայաստանին մատակարարվել է մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից 2,2 միլիարդը՝ Ռուսաստանից, իսկ շուրջ 476 միլիոնը՝ Իրանից։ Այսինքն՝ ներկրված գազի մոտ 82 տոկոսը եղել է ռուսական։
Ավելի վաղ «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է բնական գազ ներկրել Ադրբեջանից, թեև գործնականում առավել իրատեսական էր համարել հեղուկ գազի ներկրումը։
«Ադրբեջանի հետ այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր տնտեսական և էներգետիկ հարաբերությունների քննարկումներ։ Ես չգիտեմ՝ կոնկրետ գազի մատակարարման հարցով ո՞ւր ենք մենք հասել, բայց դա բացառված սցենար չէ»։

Սարգիս Խանդանյանը մատնանշում է մեկ այլ հնարավոր ուղղություն՝ TRIPP-ի շրջանակում գործարկվելիք ենթակառուցվածքները։
«TRIPP-ը ևս գազամուղի է վերաբերում, այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP-ի շրջանակներում գազամուղ, և սա, գուցե, ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից։ Իհարկե, սա շատ տեսական միտք է, որ ես հիմա, այս պահին արտահայտում եմ, բայց սա բարդ չէ գործնականում իրականացնել»։
Հայաստանի, այսպես ասենք, գազային քարտեզի վերափոխման մասին խոսելիս հարցը միայն նոր մատակարարներին չի վերաբերում։ Քննարկվում են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և առկա ենթակառուցվածքների օգտագործման տարբերակները։
Հայաստանն ու հարևան Իրանը տեխնիկական հնարավորություններ ունեն մեծացնելու «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով փոխանակվող ծավալները։ Իրան կատարած այցից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ խողովակաշարի թողունակությունը թույլ է տալիս ավելի մեծ ծավալներ ստանալ։

«Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն։ Մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով այս պահին հոսող գազն է»։
Գործադիրում ասում են՝ նոր ուղղությունների քննարկումը չի նշանակում, թե առաջիկայում ռուսական գազն ամբողջությամբ փոխարինվելու է։ Սա ավելի շատ մեկ աղբյուրից կախվածությունը նվազեցնելու փորձ է՝ տարածաշրջանային նոր հնարավորությունների հաշվին․ Իրանը՝ որպես ընդլայնման ներուժ ունեցող ուղղություն, Ադրբեջանը՝ որպես հնարավոր նոր մատակարար, իսկ TRIPP-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ու այլ տարածաշրջանային նախագծերը՝ որպես հեռանկար։