
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի բռնկումը մեծ թափ է առնում և կարող է տարածվել հարևան երկրներում, եթե անհապաղ չուժեղացվեն համաճարակի զսպման միջոցառումները, օգոստոսի 21-ին լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Էբոլայի դեմ պայքարի ավագ համակարգող Ժյուլիեն Հարնեյսը։
«Համաճարակն արագորեն տարածվում է։ Այն այժմ ընդգրկում է Ֆրանսիայից ավելի մեծ տարածք»,- ասել է Հարնեյսը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ մայիսից շարունակվող բռնկման հետևանքով մահացել է ավելի քան 2500 մարդ, ընդ որում՝ նրանց կեսը՝ վերջին 20 օրվա ընթացքում։ Պաշտոնապես հաստատված վարակման դեպքերի թիվը մոտ 5000 է, սակայն ենթադրվում է, որ վարակվածների և մահացածների իրական թիվը զգալիորեն ավելի մեծ է։
Հարնեյսի խոսքով՝ վիրուսը տարածվում է ավելի արագ և ավելի լայն տարածքում, քան հնարավոր է հասցնել իրականացնել դրա դեմ պայքարի միջոցառումները։ Նա կոչ է արել անհապաղ ավելացնել ֆինանսավորումը և լրացուցիչ ռեսուրսներ ուղղել հեռավոր շրջաններ՝ վիրուսի փոխանցումը դանդաղեցնելու և ի վերջո դադարեցնելու համար։
«Եթե մենք դա չանենք, համաճարակն ավելի մահացու կդառնա և ավելի կտարածվի՝ վտանգ ստեղծելով նաև հարևան երկրների համար»,- զգուշացրել է ՄԱԿ-ի համակարգողը։