Որքա՞ն է ալկոհոլի թույլատրելի շեմը վարորդների համար․ իրազեկում

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը կարող է ոչ միայն տուգանքի, այլև վարորդական իրավունքից զրկելու պատճառ դառնալ։ Օրենսդրությունը տարբեր պատժամիջոցներ է նախատեսում՝ կախված վարորդի արյան կամ արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակությունից, ինչպես նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործումից։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի  ո՞ր դեպքում է վարորդը համարվում ոչ սթափ

Օրենքի համաձայն՝ անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե նրա՝

  • մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից ավելի է,
  • կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.1 միլիգրամից ավելի է,
  • կամ արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ։

Ի՞նչ պատիժ է սահմանվում

Եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է և դեպքը չի համապատասխանում օրենքով նախատեսված ավելի ծանր դեպքերին, սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով, ինչպես նաև կիրառվում է 5 տուգանային միավոր։

Միաժամանակ, եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի կամ թեթև մարդատար-տաքսի վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է վարում, կարող է 6 ամսով զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Ալկոհոլի ավելի բարձր պարունակության դեպքում

Եթե վարորդի մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդում՝ 0.5 միլիգրամը, նախատեսվում է վարորդական իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով։

Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ օգտագործելու դեպքում

Եթե վարորդի ոչ սթափ վիճակը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությամբ, նա 2 տարով զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Իսկ եթե վարորդը հրաժարվում է զննությունից

Սթափության վիճակը ստուգելու նպատակով սահմանված կարգով զննություն անցնելուց խուսափելը նույնպես պատժվում է։ Այս դեպքում վարորդը 2 տարով զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։

Կրկնվելու դեպքում

Եթե առաջին մասով նախատեսված ոչ սթափ վիճակում վարելը կրկնվում է վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, սահմանվում է վարորդական իրավունքից մեկ տարի ժամկետով զրկում։

Ինչպե՞ս է որոշվում ոչ սթափ վիճակը

Արտաշնչած օդում ալկոհոլի պարունակությունը կարող է որոշվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ։

Արյան մեջ ալկոհոլի, ինչպես նաև արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը որոշվում է բժշկական փորձաքննությամբ։

Այսինքն՝ մեքենա վարելուց առաջ ալկոհոլ օգտագործելը կարող է հանգեցնել ոչ միայն տուգանքի, այլև ամիսներով կամ տարիներով վարորդական իրավունքից զրկվելու։

Leave a Comment