Պատերազմները վաղուց միայն ռազմաճակատում չեն։ Պայքարը տեղափոխվել է նաև էկրան, ռադիո, համերգասրահ ու նույնիսկ մուլտֆիլմերի դաշտ։ Ուկրաինան ռուսական «Մաշան և Արջը» մուլտսերիալը ստեղծողների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ այն դիտարկելով որպես ռուսական ազդեցության գործիք։ Իսկ Լատվիայում քննարկվում է մի իրավիճակ, երբ երգը կարող է հեռացվել ռադիոյի եթերից ոչ թե իր երաժշտության, այլ այն կատարողի կամ հեղինակի պատճառով, որի նկատմամբ պատժամիջոց կա։
Արջը փորձում է պաշտպանել գազարի իր բերքը նապաստակից, իսկ Մաշան դառնում է «սահմանի պահապանը»։ Ռուսական «Մաշան և Արջը» մուլտսերիալի 12-րդ սերիան է։ Վերնագիրը՝ «Սահմանը կողպված է»։ Սյուժեն, իհարկե, հեռու է աշխարհաքաղաքականությունից, բայց դրա որոշ դրվագներ դարձել են քաղաքական որոշումների պատճառ։
Օգոստոսի 20-ին նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել հինգ ռուսաստանցու և չորս կազմակերպության նկատմամբ, որոնք առնչվում են «Մաշան և Արջը» անիմացիոն սերիալի ստեղծմանն ու տարածմանը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ ասվում է․

«Սերիալը մանկական բովանդակության տակ քողարկված պրոռուսական նարատիվներ է տարածում, ինչը սպառնալիք է Ուկրաինայի ազգային անվտանգությանը»։
Այսինքն՝ չարաճճի աղջկա ու մեծ, բարի արջի պատմությունը պատերազմի պայմաններում պետությունը «կարդում է» արդեն որպես փափուկ ուժի՝ soft power-ի հնարավոր գործիք։ Պատժամիջոցների ցուցակում է հայտնվում մարդը, որի փոխանցած բովանդակությունը մտնում է ուրիշի տուն՝ առանց տանկի, առանց սահմանը հատելու և առանց որևէ անցակետում անձնագիր ցույց տալու։
Եվ այստեղ մշակույթը դառնում է պատերազմի ամենաանտեսանելի ճակատներից։ Ու եթե մուլտֆիլմը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, ապա երգը՝ առավել ևս։
***
Նրանք երգում են հանդիպման, բաժանման, վերադարձի մասին։
Երաժշտությունը սովորաբար սահմաններ չի ճանաչում։ Բայց երբեմն սահմաններն են սկսում ճանաչել երաժշտությունը։
Լատվիայում առաջացել է բավականին տարօրինակ իրավիճակ․ Սեյմը երկրորդ ընթերցմամբ աջակցել է օրենսդրական փոփոխությանը, որը կարող է արգելել ռադիոյով այն երաժշտական ստեղծագործությունների հեռարձակումը, որոնց հեղինակների կամ կատարողների նկատմամբ գործում են պատժամիջոցներ։ Խոսքը Պաուլսի ութ ստեղծագործությունների մասին է, որոնք կատարել են պատժամիջոցների տակ գտնվող ռուս արտիստներ։
Պաուլսը պատժամիջոցների տակ չէ։ Երգերը նույնպես «մեղավոր» չեն։ Պարզապես դրանց կատարողներից կամ հեղինակներից մեկը հայտնվել է պատժամիջոցների տակ։
Ստացվում է մշակութային սանկցիաների բավական սյուրռեալիստական բանաձև․ Պաուլսի մեղեդին կարող է մնալ նույնը, դաշնամուրը՝ նույնը, ունկնդիրը՝ նույնը։ Փոխվում է միայն այն մարդը, որի ձայնն է հնչում ռադիոյից։
Ու երաժշտությունն այստեղ ստանում է նոր՝ քաղաքական անձնագիր։
Բայց սա միայն Լատվիայի պատմությունը չէ։ Ուկրաինայում պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանցի մի շարք կատարողներ՝ Գրիգորի Լեպսը, Օլեգ Գազմանովը, SHAMAN-ը, Դենիս Մայդանովը, Յուլիա Չիչերինան և «Любэ»-ի ղեկավար Նիկոլայ Ռաստորգուևը։ Այստեղ թիրախը երգը չէ, այլ կատարողը՝ նրա քաղաքական դիրքորոշումն ու Ռուսաստանի պատերազմական քաղաքականությանը աջակցելը։
Նույն պատմությունն ունի նաև հակառակ երեսը։ Ռուսաստանում պատերազմի դեմ արտահայտված երաժիշտների նկատմամբ կիրառվել են այլ գործիքներ՝ համերգների չեղարկում, ելույթների սահմանափակում, տուգանքներ և «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ։

Այդ ճնշումների են ենթարկվել Անդրեյ Մակարևիչը, Բորիս Գրեբենշչիկովը, Noize MC-ն, Oxxxymiron-ը, «Монеточка»-ն, իսկ Յուրի Շևչուկի և «Би-2»-ի նկատմամբ նույնպես կիրառվել են տարբեր սահմանափակումներ ու ճնշումներ։
Դեռ 2014-ից Լատվիան արգելել էր մի շարք ռուս երգիչների մուտքը երկիր՝ Ղրիմի անեքսիայի աջակցման պատճառով։ Դրա հետևանքով «Նոր ալիք»՝ «Новая волна» փառատոնը Յուրմալայից տեղափոխվեց Սոչի։ Հիմնադիրներից մեկը հենց Ռայմոնդ Պաուլսն էր։
Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո ռուսական մշակույթի նկատմամբ սահմանափակումները տարածվեցին նաև Եվրոպայի այլ երկրներում։ Եվրոպական բազմաթիվ թատրոններ ու համերգասրահներ չեղարկեցին ռուսական պետական կոլեկտիվների հյուրախաղերը, այդ թվում՝ Բոլշոյ թատրոնի բալետի ելույթները։ Միաժամանակ շեշտվում էր, որ սա պետական կառույցներին կամ Կրեմլին աջակցող արտիստներին է վերաբերում, ոչ թե ողջ ռուսական մշակույթին։
Իրանում երաժշտության վերահսկողությունն ավելի հին է ու ծանր։ Քաղաքական ու կրոնական սահմանափակումներ կան ոչ միայն երգերի բովանդակության, այլև կատարողների վրա։
Նա երգում է այն մասին, որ հայրենիքի երիտասարդների թափված արյունից կակաչներ են ծլում։ 2026-ի հունիսին Իրանի դատարանը իրանցի երգչուհի Փարաստու Ահմադին մտրակի 74 հարվածի է դատապարտել և 2 տարով արգելել գեղարվեստական գործունեությունը, քանի որ դրանից երկու տարի առաջ նա առանց հիջաբի մենակատար համերգ է հեռարձակել YouTube-ով։
Աֆղանստանում սահմանը շատ ավելի կոշտ է։ ՄԱԿ-ի զեկույցներում արձանագրվում է, որ Թալիբանի՝ իշխանության վերադարձից հետո երաժշտական գործիքներ են ոչնչացվել, երաժշտական գործունեությունը սահմանափակվել է, իսկ թե ինչ պետք է հնչի ռադիոյով ու հեռուստատեսությամբ՝ թույլատրում է իշխանությունը։
Այստեղ ձայնային խոտան չկա։ Այլ՝ լռեցված երաժշտություն։ Եվ սա, թերևս, մշակույթի քաղաքականացման ծայրահեղ տարբերակն է։ Երբ լռում է երաժշտությունը, դա արդեն պատմություն է, թե ինչպես են պետությունները փորձում վերահսկել ոչ միայն տարածքը, այլև մարդկանց հիշողությունը, զգացմունքներն ու ինքնությունը։
Տես նաև՝ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալը ստեղծողների նկատմամբ