Տնտեսական պատերազմի նոր փուլ․ ԱՄՆ-ն Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցներն է պատրաստում

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման նոր փուլ է սկսում՝ խոստանալով պատմության «ամենախիստ պատժամիջոցներն ու մասշտաբային մեկուսացումը»։ Թե կոնկրետ ինչ քայլեր է նախատեսում Վաշինգտոնը, ֆինանսների նախարարը խոստացել է մանրամասնել օգոստոսի 24-ի ասուլիսում։ Մինչև այդ Միացյալ Նահանգների նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաները զգուշացնում են՝ տնտեսական պատերազմը հետևանքներ է ունենալու ոչ միայն Իրանի, այլև նրա դաշնակիցների համար։

Իրանի դեմ ռազմական գործողություններին զուգահեռ Միացյալ Նահանգները ճնշման նոր՝ տնտեսական շրջափուլ է սկսում։ Ամերիկացի պաշտոնյաների  բնորոշմամբ՝ Վաշինգտոնը պատրաստվում է Թեհրանի նկատմամբ կիրառել, «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»։

Սա լինելու է երբևէ իրականացված ամենամեծ տնտեսական մեկուսացումը՝ նախօրեին ամերիկյան CNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Սա մեկ-երկու հարված է։ Մենք ունենք իրանական նավահանգիստների շրջափակումը, և պատրաստվում ենք կիրառել պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները»։

Բեսենթի խոսքով՝ այս քաղաքականությունը կարող է նվազեցնել ռազմական նոր գործողությունների անհրաժեշտությունը, իսկ պատժամիջոցների փաթեթի մանրամասները նա խոստացել է ներկայացնել օգոստոսի 24-ին։ Ֆինանսների նախարարի այս հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի սպառնալիքներին։ 

Դոնալդ Թրամփը տնտեսական ճնշումն ավելի կոշտ էր ձևակերպել՝ այն անվանելով «երբևէ որևէ երկրի դեմ իրականացված ամենածանր տնտեսական գործողությունը» և զգուշացրել.

«Ցանկացած երկիր, որը թույլ կտա իր ֆինանսական հաստատություններին, բիզնեսներին, օդանավակայաններին կամ պետական կառույցներին որևէ տեսակի փրկօղակ տրամադրել Իրանին, ինքն էլ կբախվի հսկայական տնտեսական հետևանքների»։

ԱՄՆ ֆինանսների նախարարը նույնպես  դիմել  էր Վաշինգտոնի դաշնակիցներին ու  հայտարարել՝ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ մեր դեմ։

Ինչպե՞ս կազդի  Վաշինգտոնի այս քաղաքականությունը Իրանի հարևան ու տնտեսական գործընկեր Հայաստանի վրա։ Հարցին «Ռադիոլուրի» հետ զրույցում պատասխանել է  տնտեսագետ Աղասի Թավադյանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների ադմինիստրացիան քաղաքական տարբեր հայտարարություններ է արել վերջին ժամանակաշրջանում, որոնց մի մասը իրականացվել է, մի մասը՝ ոչ։ Այսինքն՝ սա կարող է դիտարկվել զուտ քաղաքական հայտարարության տեսանկյունից, կարող է և լուրջ լինել»։

Փորձագետը դժվարանում է հստակ կանխատեսումներ անել, բայց Իրանի հետ հարաբերությունների սահմանափակման կամ սահմանի փակման սցենարը քիչ հավանական է համարում։

«Դրա հավանականությունը ցածր եմ համարում, որովհետև դա, հավասարազոր է ինքներս մեր ոտքին կրակելուն։ Եթե մենք Իրանի հետ սահմանը փակենք, էֆեկտիվորեն չորս սահմաններից կունենանք միայն մեկը՝ Վրաստանի հետ»։

Վաշինգտոնիքայլերի առանցքում  Հորմուզի նեղուցն է։ Իրանի համար այն ռազմավարական լծակ է, իսկ ԱՄՆ-ի համար՝ համաշխարհային էներգետիկ շուկան վերահսկելու կարևոր գործիք։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը CNBC-ի հետ զրույցում տնտեսական այս ճնշումն անվանել է Վաշինգտոնի նպատակներին հասնելու «ամենաարդյունավետ գործիքը»։ Նա նշել է, որ Հորմուզի հարցն անմիջականորեն կապված է նաև ամերիկյան սպառողի հետ, մեջբերում․

«Եթե կարողանանք բավարար քանակով  նավթ և գազ դուրս բերել, որպեսզի ամերիկացիները թեթևացում զգան էներգակիրների գների հարցում, դա մեզ համար կարևոր արդյունք կլինի »։

Վաշինգտոնի ճնշմանը Թեհրանը պատրաստվում է հակադարձել  տնտեսական դիմադրության  ռազմավարությամբ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ամերիկյան քաղաքականությունն անվանել է «տնտեսական ահաբեկչություն»՝ պնդելով, որ այն չի թուլացնի Իրանի վճռականությունը։ Սոցցանցում նախարարը պնդել է` Թրամփն այս քայլերով փորձում է  շեղել ուշադրությունը ներքին ճգնաժամից, մասնավորապես՝ երկրի «աննախադեպ պարտքից և կտրուկ աճող տոկոսադրույքներից»։

Leave a Comment