Նոր խորհրդարանի առաջին նիստից անցել է 19 օր, սակայն, Աժ կազմը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ։ Հետևաբար, օրակարգային մյուս հարցերը, օրինակ, կառավարության կառուցվածքը, կառավարության նոր ծրագիրը դեռ սպասում են քննարկման իրենց հերթին։ Խորհրդարանը երկրորդ փորձն է անում ընտրելու օրենքով և «Դոնթի բանաձևով» ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովների նախագահներին։ Առաջին փորձով առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից երեքին խորհրդարանական մեծամասնությունը մերժել է։
Ինչպես նախորդ օրերին օգոստոսի 21-ին նույնպես քննարկումները շեղվել են օրակարգից և վերածվել են հարաբերություններ պարզելուն։ Օրինակ՝ ընդդիմությունը խորհրդարանական մեծամասնությանը մեղադրեց աշխատանքը սաբոտաժելու համար, իշխանությունն էլ հակադարձեց՝ հերթական «ֆեյք-սերիալ» ստեղծելու մեղադրանքով։
Խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ երեք մշտական հանձնաժողովների ղեկավարների նոր թեկնածուներ է առաջադրել։ Նույն խմբակցության նախորդ թեկնածուները խորհրդարանական մեծամասնության «սրտով» չէին և առաջին փուլում մերժվեցին։ Օրենքի պահանջով և «Դոնթի բանաձևով» ընդդիմությանը բաժին հասած չորս հանձնաժողովից ընդամենը մեկի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին բավարար ձայն հատկացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, չնայած «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի թեկնածության շուրջ հենց իշխող քաղաքական թիմում կային տարաձայնություններ։ Դրանց պատճառով էր, օրինակ, որ այդ հարցում տարբեր դիրքերից են հանդես գալիս ՔՊ խմբակցության անդամներ Լուսինե Բադալյանը և Բաբկեն Թունյանը։
Լուսինե Բադալյան․ «Իմ կարծիքով` այն քաղաքական թիմը, այն պատգամավորները, որոնք ժողովրդին ուղղորդում էին, որպեսզի մեր տներից, վզից բռնած, իրենց բառերով եմ ասում, քարշ տալով բերեին Ազգային ժողով, ինչ գնով էլ լինի ստիպեին մեզ, որպեսզի մենք ստորագրեինք՝ այն ժամանակ իմպիչմենթի գործընթաց էին, հա՞ ուզում սկսել, դրա տակ։ Ինձ համար խնդրահարույց է»։
Բաբկեն Թունյան․ «Մենք ձեր քվոտան չենք վերցնում, մենք չենք մերժում, որ ընդդիմությունը պիտի հանձնաժողովի նախագահներ ունենա, բայց մենք ամեն թեկնածուին դիտարկում ենք առանձին–առանձին ու դա մեր իրավունքն է»։
Երկար քննարկումների պատճառով խորհրդարանը դեռ չի անցել օրակարգային մյուս հարցերին՝ մասնավորապես, կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխությանն ու կառավարության ծրագրի հաստատմանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի համոզմամբ՝ հարցերը, որոնք կարող էին քննարկվել ֆորմալ ձևով անհիմն երկարաձգվում են։
«Ֆարմանյանը կլինի հանձնաժողովի նախագահ, թե Մանուկյանը, թե մեկ ուրիշը, դրանից ԱԺ կյանքում, այդ մարդկանց կյանքում ոչ մի էական բան չի փոխվում։ Ընդամենը պետք էր ապահովել ֆունկցիոնալ ընթացքը։ Սաբոտաժ է ոչ միայն ԱԺ բնականոն գործունեությանը, այլև կառավարության գործունեությանը։ Բա կառավարությունը պետք է գա, որ մենք աշխատենք, բա մենք այդ կառավարությանը պետք է վերահսկե՞նք։ 16 նիստ է իրենք այստեղ չեն եկել»։
ԱԺ նախագահը, մինչդեռ արդեն որոշում է կայացրել․ երկուշաբթի՝ օգոստոսի 24-ի առավոտյան քննարկվելու է կառավարության ծրագիրը։
Ֆինանսավարկային և բյուջետային, Եվրոպական ինտեգրման, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների ընդդիմադիր ղեկավարների թեկնածության քննարկումները, սակայն, այդպես էլ չմնացին օրակարգի սահմաններում։ Ընդդիմադիր պատգամավորների և իրենց թեկնածուների միջև հարց ու պատասխանի հիմքում իշխող խմբակցության անդամները քողարկված միտում են նկատում՝ հանրային կարծիք ձևավորելու և ոլորտային քննադատության հնարավորություն ստեղծելու տեսանկյունից։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուի վերաբերյալ քննարկման ժամանակ, օրինակ, ընդդիմադիրները բազմիցս փորձեցին համեմատել և անգամ հավասարության նշան դնել հայաստանյան իրողությունների ու «Լիբանանի դեֆոլտի» միջև։
«Քաղաքացիական պայմանագրի» անդամները ճշտում են՝ Լիբանանում դեֆոլտի նախաշմին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 150% էր, Հայաստանում այդ ցուցանիշը 50%-ից ավելի քիչ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը խորհուրդ է տալիս այս հարցում ուշադրություն դարձնել նաև միջազգային ազդակներին և փաստարկներին․
«Ժողովուրդ ջան, դուք, ընդհանրապես, վարկանիշային կազմակերպությունների վարկանիշները նայո՞ւմ եք։ «Moody’s» հեղինակավոր ընկերությունը 2026 թվականի հուլիսի 28 փոխում է Հայաստանի վարկանիշը կայունից դրականի՝ «B3»-ի։ Պատճառը՝ տնտեսական աճի բարձր ներուժ և ամուր մակրոտնտեսական ցուցանիշներ։ «Fitch»-ը Հայաստանի Հանրապետությանը տվել է «BB» վարկանիշ՝ պահպանելով դրականը: Հրապարակվել է հուլիսի 10–ին։ «Standard & Poor’s»-ը տվել է «BB » 2026 թվականի փետրվարին՝ կայունից փոխելով դրականի։ Այն ժամանակ, երբ ՀՀ-ում, ընտրություններով պայմանավորված, կար վտանգ պետության զավթման, և դուք Լիբանանի դեֆոլտից եք խոսո՞ւմ»:
Այս նույն միջազգային կազմակերպություններն, ի դեպ, Լիբանանի դեֆոլտը կանխատեսում էին դեռ 7-9 տարի առաջ։ Ընդդիմադիրների այս խոսույթը Արայիկ Հարությունյանը անվանեց նոր «ֆեյք-սերիալի ստեղծում» և զգուշացրեց, որ «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեմայի պես հանելու են ընդդիմության օրակարգից։
Մանիպուլյացիայի մեղադրանքներին ի պատասխան, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանը հակադարձեց․
«Այստեղ հնչում է միտք, որ իբրև թե մենք «ֆեյք-թեզերով» ենք հանդես գալիս, իբրև թե տեխնոլոգիա ենք կիրառում, պետական պարտքից ենք խոսում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կուսակցությունը ունի մի բառակույտ, որով փորձում են ազդել մարդկանց ենթագիտակցության վրա, մասնավորապես` «թալան», «կոռուպցիա», «մարտի 1», «նախկիններ», «հանրապետականներ»։ Ակամայից հիշեցի հայտնի անեկդոտը` դուք իսկապես ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։
Օրվա քննարկումներում ընդդիմադիր և իշխանական խմբակցության պատգամավորները փորձում էին նաև բացահայտել միմյանց քաղաքական անցյալը՝ արդեն անվանական նշելով, թե ով ինչ կուսակցություն է փոխել կամ ինչ կապ է ունեցել այս կամ այն քաղաքական ուժի հետ։