Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանի, Տարածքային կառավարման հանձնաժողովում՝ Դավիթ Ղազինյանի, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում՝ Արեգա Հովսեփյանի թեկնածություններն էր առաջադրել:
Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն: «Ուժեղ Հայաստան»-ը, որին պատկանում է երեք հանձնաժողովներում թեկնածու առաջադրելու իրավունքը, արդեն փոխել է իր մի թեկնածուին, մյուս երկու հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները չեն հրապարակում:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Լիաննա Մանուկյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում իր առաջնահերթություններից մեկն էլ կլինի բյուջեի արդյունավետ վերահսկողության մեխանիզմների ներդրումը:
«Քաղաքացիական պայմանագրից» Արայիկ Հարությունյանը նախօրեին նշեց, որ ողջունում է Մանուկյանի թեկնածությունն առաջադրելու «Ուժեղ Հայաստանի» որոշումը, նշեց, որ նոր թեկնածուի նկատմամբ դրական վերաբերմունք կա:
«Դուք հարցրիք, թե ինչու նախորդ թեկնածուին չքվեարկեցինք, որովհետև դա քվեարկություն էր, նշանակում չէր: Յուրաքանչյուրը քվեարկելիս իր վրա պատասխանատվություն է վերցնում այդպիսի կենսագրական բեռ ունեցող թեկնածուի համար: Եվ, երբ դա չի ուզում վերցնի, չի քվեարկում: Այս դեպքում, ես կարծում եմ՝ այլ որոշում կլինի»,- նախօրեին իր ելույթում ասաց ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքացիական պայմանագրից» Սիսակ Գարիելյանն էլ իր ելույթում նշել էր, որ ափսոսում է, որ Մանուկյանին շուտ չէին առաջադրել այս պաշտոնում:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ այսօր մեկ լրացուցիչ նիստ է ավելացվել՝ 18:30-20:00: Ամենօրյա նիստերը շարունակվում են օգոստոսի 2-ից: Արդյո՞ք խորհրդարանը կհասցնի նախքան Կառավարության ծրագրի քննարկումը ավարտել հանձնաժողովների նախագահների ընտրությունը, թե՞ այն կհետաձգվի ու տեղի կունենա Կառավարության ծրագրի հաստատումից հետո, դեռ հստակ չէ:
«Անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը». Ղազարյան
Անդրադառնալով հանձնաժողովների նախագահների պաշտոններում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» թեկնածուների չընտրվելուն, խմբակցությունից Էդգար Ղազարյանն ասաց, թե իր ընկալմամբ ««Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքական սաբոտաժի միջոցով փորձում է տապալել ԱԺ-ի աշխատանքները»:
«Օգոստոսի 2-ից մենք աշխատում ենք, արդեն 16-րդ նիստն է, և մենք դեռ չենք անցել մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող քաղաքական հարցերի քննարկմանը: ԱԺ ղեկավար մարմինների ընտրությունը միտված է ընդամենը ԱԺ-ի հետագա 5 տարիների աշխատանքների կազմակերպմանը: Հիմա Ֆարմանյանը կընտրվի, թե Մանուկյանը, դրանից ԱԺ-ի կյանքում ոչ մի էական բան չի փոխվում: Էս ամեն ինչը ձգձգելու, սաբոտաժի իմաստը ո՞րն է: Հիմա պատրաստի թեկնածուներին չեն ընտրում, ասում են՝ չէ, չենք ուզում Նիկոլ Փաշինյանը գա ԱԺ, տենց է ստացվում: Օրինակ՝ ես անհամբեր եմ իրա հետ իմ հանդիպմանը, թե դուք ինչի չեք ուզում էդ մարդը գա էստեղ, չեմ հասկանում: Իրա հեղինակությամբ, իր գործունեությամբ եք դուք եկել եք էստեղ նստել, չեք ուզում, որ գա: Բա կառավարությունը պիտի գա, որ մենք աշխատենք, մենք կառավարությանը պետք է վերահսկենք:16 նիստ է՝ իրենք դեռ էստեղ չեն եկել»,- իր ելույթում ասաց ընդդիմադիր Էդգար Ղազարյանը:
«Եթե սահմանեիք՝ ինչ է համակարգային կոռուպցիան, ձեզ թվում էր՝ տպավորություն կստեղծվեր, թե դուք թաթախվա՞ծ եք եղել կոռուպցիայի մեջ»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում նշեց, որ համակարգային կոռուպցիայի սահմանումն այդպես էլ չլսեցին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր խմբակցության նախորդ թեկնածուից:
«Ձեզ թվում է, որ եթե դուք սահմանեք՝ ինչ է համակարգային կոռուպցիան, մեզ մոտ տպավորություն կստեղծվի, թե դուք թաթախվա՞ծ եք եղել համակարգային կոռուպցիայի մեջ: Մեզ էստեղից պետք է պատմեիք, թե դուք ինչպես եք կարողացել նախորդ իշխանությունների ժամանակ անկաշկանդ բացահայտել համակարգային կոռուպցիան այն մարմիններում, որոնց աուդիտն իրականացրել եք»,- շեշտեց Կարապետյանը:
Կարդացել են
18 անգամ