Քաղպաշտպանության համակարգի արդիականացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է. Ղազարյան


Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են Հայաստանում առկա հակաճառագայթային թաքստոցները:


 


Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը՝ հավելելով, որ արձանագրված թերությունները վերացնելու, հակաճառագայթային թաքստոցները սահմանված նորմերով ապահովելու նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ Շիրակի, Տավուշի և Լոռու մարզպետարաններին: 


 


«Հանձնաժողովն ուսումնասիրել է նաև Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող հակաճառագայթային թաքստոցները: Ամփոփվել են հաշվետու ժամանակահատվածում բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների, կազմակերպությունների նկուղային հարկերի ուսումնասիրությունների արդյունքները:


 


Բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի ուսումնասիրությունների արդյունքները ճշտելու նպատակով ընտրանքային եղանակով կազմակերպվել են անակնկալ ստուգայցեր»,- նշել է Ղազարյանը:


 


Ամփոփվել է 2026 թվականին պետական, պետական կառավարման մարմինների արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտների միջոցառումների պլան-ժամանակացույցը և ստեղծվել համապատասխան բազա:


 


Ըստ այդմ՝ ՀՀ Արարատի, Արմավիրի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր գործուղված ծառայողները մասնակցել են 2026-2031 թվականներին կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ենթակա թվով 300 դպրոցի տեղորոշման և միջամտության տեսակը որոշելու, ինչպես նաև նախապես տեղորոշված՝ թվով 48 դպրոցի ցանկն ու վիճակը ուսումնասիրելու գործընթացին և ներկայացրել համապատասխան առաջարկություններ:


 


«Ապահովվել են զորահավաքային նախապատրաստության միջոցառումները՝ գործող պլանների համաձայն։ Ամփոփվել են ազդարարման համակարգերի փորձարկումների արդյունքները և ներկայացվել համապատասխան ստորաբաժանումներին։ Իրականացվել է 208 փորձարկում․ հայտնաբերված անսարքությունները վերացնելու ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ»,- տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։


 


 




Կարդացել են
անգամ

Leave a Comment