Վանաձորի «Պիրաժոկ»-ի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ-ն մի շարք խախտումներ է հայտնաբերել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Պիրաժոկ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Մարշալ Բաղրամյան 63/1): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Կասեցման համար հիմք են հանդիսացել վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները, ի մասնավորի՝

— խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

— սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված հեշտությամբ մաքրվող և ախտահանվող նյութերից,

— սառնարանը չի պահվել նորոգ և բարվոք վիճակում, դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի),

— սանհանգույցի դուռը բացվել է անմիջապես դեպի խոհանոց,

— չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, սահմանվել է վերջնաժամկետ:

Leave a Comment