
Ազգային ժողովում այսօր իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց էին մեղադրում «Հանրապետական» կուսակցության հետ կապ ունենալու համար:
Նախ ամբիոնից ելույթ ունենալիս ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը դիմելով «Ուժեղ Հայաստանին» ասաց, որ նոր «Հանրապետական» կուսակցություն են, այնուհետև հերթով թվեց, թե ընդդիմադիր պատգամավորներից ով երբ է «Հանրապետական» կուսակցության հետ կապ ունեցել:
«Հարգելի գործընկերներ ֆրակցիայի կեսից շատի անունը տվեցի՞: Հետևաբար, դուք «Հանրապետական» կուսակցությունն եք, դրա նոր ներկայացումն եք: Ասում եք՝ նոր ուժ եք: Շատ լավ, դուք նոր «Հանրապետական» ուժ եք»,- ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանը:
«Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանն էլ ՔՊ խմբակցության շարքերից մատնանշեց Ահարոն Սահակյանին: Վերջինս Կոտայքի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, այս տարվա հուլիսի վերջ դադարեցվեցին լիազորությունները:
Լրագրողների հետ զրույցում Ահարոն Սահակյանն ասաց. «Էն ժամանակ «Հանրապետականի» ֆրակցիայով եմ առաջադրվել համայնքապետ», բայց կուսակցական չեմ եղել»:
Այս թեման դեռ նիստից հետո էլ շարունակվեց, ընդդիմադիր Էդգար Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում շարունակեց թվել, թե «Հանրապետական» կուսակցության հետ ով ինչ կապ է ունեցել.«Անդրանիկ Քոչարյանը եղել է Վազգեն Սարգսյանի օգնական: Վազգեն Սարգսյանը «Հանրապետական» կուսակցության պատմության մեջ ամենամեծ դերակատարում ունեցողներից մեկն է: Սերգեյ Բագրատյան. ՀՀԿ-ի պաշտոնավարման շրջանում որպես կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի կողմից նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ…»: