Ի՞նչ տվյալներ պետք է ներառել հարկային հաշվարկում․ կարևոր կարգավորումներ

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, հարկային հաշվարկը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկատվությունն է՝ հաշվետու ժամանակաշրջանում կամ հարկման օբյեկտ համարվող գործարքի կամ գործառնության վերաբերյալ։ 

Ըստ հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի  ի՞նչ տվյալներ պետք է ներառվեն հարկային հաշվարկում

Հարկային հաշվարկում պարտադիր լրացման ենթակա են՝

  • հարկ վճարողի լրիվ անվանումը,
  • գտնվելու վայրը,
  • հաշվառման համարը, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում՝ նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,
  • հաշվետու ժամանակաշրջանը կամ համապատասխան գործարքի/գործունեության կատարման օրը,
  • հարկ վճարողի, պաշտոնատար անձի կամ լիազոր անձի ստորագրությունը,
  • հարկային հաշվարկի լրացման կարգով նախատեսված այլ տվյալներ։

Հարկային հաշվարկը կարող է նախալրացվել ինքնաշխատ

Նոր կարգավորման կարևոր առանձնահատկություններից է, որ հարկային մարմինը կարող է իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա ինքնաշխատ նախալրացնել հարկային հաշվարկները։

Այսինքն՝ հարկ վճարողը կարող է հարկային հաշվարկը ներկայացնելիս արդեն նախապես լրացված որոշ տվյալներ տեսնել և անհրաժեշտության դեպքում դրանք ճշտել կամ լրացնել։

Որոշ դեպքերում են պահանջվում նաև անձնական տվյալներ

Հարկային հաշվարկի ձևում նախատեսված լինելու դեպքում պարտադիր կարող են լինել նաև ֆիզիկական անձին վերաբերող տվյալները, այդ թվում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, բնակության կամ հաշվառման հասցեն, հեռախոսահամարը և ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկատվությունը։

Համատեղ գործունեության դեպքում՝ լրացուցիչ պահանջ

Համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը ներկայացվող հարկային հաշվարկում պետք է արտացոլի ինչպես համատեղ գործունեությանը, այնպես էլ անմիջականորեն իրեն վերաբերող ցուցանիշները։

Եթե հարկային մարմնին անհրաժեշտ է ճշտել համատեղ գործունեությանը վերաբերող տվյալները, այն կարող է լրացուցիչ գրավոր տեղեկություններ պահանջել։ Այդ տեղեկությունները պետք է ներկայացվեն պահանջը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Ո՞վ է սահմանում հարկային հաշվարկի ձևը

Հարկային հաշվարկների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը։ Օրենսգրքով նախատեսված դեպքերում հաշվարկը կարող է ներկայացվել նաև այլ գերատեսչությունների՝ դրանց հետ համատեղ սահմանված կարգով։

Միաժամանակ, կոնկրետ հարկատեսակին կամ վճարին վերաբերող կարգավորումներով կարող են սահմանվել հարկային հաշվարկի և դրա կազմման լրացուցիչ առանձնահատկություններ։

Կարևոր է․ հարկային հաշվարկ ներկայացնելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն հաշվարկված հարկի չափին, այլև ձևում պահանջվող բոլոր տվյալների լրացմանը, իսկ հարկային մարմնի կողմից նախալրացված տվյալների դեպքում՝ դրանց ճշտությանը։

Leave a Comment