Արմավիրի այգեգործները հետաձգում են բերքահավաքը՝ դեղձը շատ էժան է․ կառավարությունը խոստանում է աջակցել վերամշակող ձեռնարկություններին

Արմավիրի մարզում դեղձի իրացման հետ կապված որոշակի խնդիրեր կան. բերքն առատ է, բայց գնող չկա, իսկ եղած գնորդներն էլ ամենացածր գինն են առաջարկում՝ 100 դրամ։ Այս իրավիճակը շտկելու ակնկալիքով Հացիկ ու Խանջյան գյուղի այգեգործները՝ որպես բողոքի նշան, փակել էին Արմավիր-Գյումրի ճանապարհը: Այգեգործները պահանջել են սուբսիդավորել իրենց ծախսերը կամ բերքն իրացնել բարձր գնով: Անցած տարի դեղձն արտահանվել է 250-300 դրամով, իսկ 200-250 դրամով էլ չրագործներին են վաճառել: Հիմա 100 դրամով չեն ցանկանում բերքահավաք սկսել:

Այգեգործներն ասում են, որ 100 դրամը հենց դեղձի ինքնարժեքն է, որը չի ծածկում ծախսերը: Այդպիսի ցածր գին երբեք չի եղել: Խանջյան գյուղի բնակիչ Ավագ Ղազարյանը ստիպված հարմարվել է իրավիճակին  ու սկսել բերքահավաքը.  

«Մարդիկ ուզում են մի քիչ էլ օգտվեն, տակ չտան, բոլորը վարկեր ու պարտքեր ունեն: Ահագին վարկեր ունենք՝ թունաքիմիկատների համար, պարարտացման համար, աշխատողի․․․ բոլորը ծախսեր են: 1.5-2 մլն դրամ միայն ծախսում ենք: Գինը մի քիչ բարձր լինի՝ գյուղացուն լավ կլինի, եթե բարձր չեղավ, առհասարակ, եթե ծախսդ չես փակում՝ խնդիրների մեջ ես ընկնում»:

Գյուղացիների բողոքին արձագանքել են Արմավիրի մարզպետն ու համայնքի ղեկավարը։ Նրանք վստահեցրել են, որ բերքն ամբողջությամբ կիրացվի, քանի որ պետությունն աջակցում է և՛ թարմ պտուղ արտահանողին, և՛ չիր արտադրողին՝ որոշակիորեն փոխհատուցելով ծախսերը: Դեղձի իրացման խնդիրը լուծված է՝ «Ռադիոլուրին» վստահեցնում  է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը:

«Խնդիրը լուծված ենք համարում, և այս պահին արդեն խնդիր չունենք: Որոշում կայացրինք՝ փոխհատուցում տանք: Եթե չրանոցն է մթերում՝ 1կգ-ի դիմաց փոխհատուցելու ենք 125 դրամ, չրի արտահանման համար՝ 500 դրամ, թարմ մրգի՝ այս պահին դեղձի արտահանման համար՝ 200 դրամ: Տարբեր երկրներ են արտահանվում»:

 Հիմա դեղձի բերքահավաքի եռուն շրջանն է, սակայն Խանջյանի այգիներում անսովոր լռություն է: Այգետերերը սպասում են բարձր գին առաջարկողներին, սակայն ոչ արտահանողներն են գալիս, ոչ էլ չիր արտադրողները:

 «Հույսս կտրել եմ՝ իմ այգում հիմնականում «Օնո» սորտն է շատ, մոտ 15-20 տ. կունենամ, իսկ «Ուսպեխը» քիչ էր՝ 1-1.5տ. հազիվ լիներ: Հիմա շիվարել, մնացել ենք, արդեն ահագին թափվել է: Ոնց որ գինն ուզում էին բարձրացնել, բայց ոչ ձեն կա, ոչ բան կա: Գոնե գինը 200 դրամ լինի, հա, որ ծախսերը դուրս գանք, զրոյական լինի»:

Բերքի ծանրությունից ճյուղերը կոտրվել են: Վանիկ Ամիրխանյանն ամեն օր որդու հետ գալիս է այգի ու սպասում գնորդների: Գալիս են, հավաքում ծառերի տակ թափված դեղձն  ու հեռանում:

 «Վնասված շատ կա, ահավոր է՝ քամուց հետո, հիմա էլ հասնում ու ջարդվում է, որովհետև մենք ուշացրինք բերքահավաքը: Գնի պատճառով էս տարի շատ մարդիկ ուշացրել են հավաքը»:

«100 դրամով հիմա մեզ ձեռք չի տալիս հավաքելը: Եթե ես վաղը 3 աշխատող էլ բերեմ, արդեն 30 հազար դրամ,  ուզած, թե չուզած, տալու եմ իրենց, ինձ տակը ինչ է մնալու: Ավելի լավ է չհավաքեմ»:

Բերքն օր-օրի ավելի է հասունանում, ծանրանում ու թափվում։ Իսկ դա նշանակում է, որ եթե իրավիճակը չփոխվի, այգեգործներն ստիպված են լինելու ամբողջ բերքը 30-40 դրամով հանձնելու գործարանին:

Ի դեպ՝ կառավարության օգոստոսի 20-ի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ կառավարությունը կաջակցի թուզ և դեղձ վերամշակողներին։ Ըստ նախարարի՝ դա կնպաստի գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը և վերամշակող արդյունաբերության զարգացմանը։ Գևորգ Պապոյանը նաև հույս է հայտնել, որ մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և 400 տոննա թուզ կմթերվի։

Տես նաև՝ Կառավարությունը կաջակցի նաև դեղձի և թզի վերամշակման նպատակով մթերմանը

Leave a Comment