Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացումը տնտեսական ահաբեկչություն են անվանել

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցների խստացումը տնտեսական ահաբեկչություն է, և դրա համար պատասխանատուները անպայման կկրեն արժանի պատիժը։ Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարության մեջ։

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը տնտեսական ահաբեկչություն է և հանցագործություն մարդկության դեմ»,– նշվում է փաստաթղթում։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընդգծել են, որ «ԱՄՆ վարչակազմը, պատժամիջոցների ծրագրերը մշակողները և դրանք իրականացնողները պետք է համապատասխան պատիժ կրեն»։

Իրանի ԱԳՆ-ի պնդմամբ՝ Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ նոր սահմանափակումների կիրառումը «ԱՄՆ-ի ձախողված քաղաքականության շարունակությունն է, և դրա կրկնությունը միայն նոր ձախողման կհանգեցնի»։

Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ վարչակազմի քայլերը «արտացոլում են այն, որ Միացյալ Նահանգները չի կարողացել հասնել իր նպատակներին Իսլամական Հանրապետության դեմ վարած պատերազմում» և վկայում են «Վաշինգտոնի անօրինականության և ամբարտավանության մասին»։

Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող որևէ պատժամիջոց կամ սահմանափակում «չի սասանի իր անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականությունը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբի «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ Նա նաև զգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները կաջակցեն Թեհրանին, ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական հետևանքների կբախվեն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնին անհրաժեշտ է, որ բոլոր դաշնակիցները կանգնեն ԱՄՆ-ի կողքին։

Leave a Comment