Երաժշտությունը միավորում է եթերն ու մշակույթները․ Հանրային ռադիոն և Բրիտանական խորհուրդը գործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրային ռադիոյի առաջին և երկրորդ ալիքներն այսուհետ կհեռարձակեն British Council-ի Selector Radio-ի երաժշտական ընտրանին։ Սեպտեմբերի 1-ից ունկնդիրները հնարավորություն կունենան բացահայտելու բրիտանական նոր երաժշտությունը՝ փոփից ու ջազից մինչև դասական։

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդե Հովասափյանն այս պայմանավորվածության ամրագրել են համագործակցության հուշագրով։

Համագործակցության մասին խոսելիս Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլն ընդգծել է երկու երկրների հարուստ մշակութային կապերը և առանձնահատուկ կարևորել Հանրային ռադիոյի դերը։ Նրա դիտարկմամբ՝ Հանրային ռադիոն լսարան ունի նաև Հայաստանի սահմաններից դուրս, ուստի Selector-ի միջոցով բրիտանական մշակույթը կարող է հասնել ավելի լայն լսարանի։

Դեսպանը նաև հայերենով է ձևակերպել միտքը՝ անկեղծորեն խոստովանելով, որ լեզուն հեշտ չէ, բայց ինքը շարունակում է սովորել և արդեն որոշակի հաջողությունների է հասել։

Հանրային ռադիոյի գլխավոր տնօրեն Արմեն Քոլոյանը, խոսելով երաժշտության մասին, նկատել է, որ անգամ բրիտանական երաժշտությունը տարբեր մշակույթների ազդեցությունների արդյունք է։ 70-80-ականների բազմաթիվ բրիտանական խմբերի երաժշտությունն, օրինակ, չէր ձևավորվի առանց ամերիկյան բլյուզի և ռոքնռոլի։ «Երաժշտությունը ցանց է, որը կարող է պատմել սիրո, տխրության, ուրախության ու մարդկային ապրումների մասին՝ երբեմն առանց որևէ բառի։ Իսկ Հանրային ռադիոյի լսողն արդեն ավելի հարուստ ընտրանի լսելու հնարավորություն կունենա»,-ասել է Քոլոյանը։

«Ռադիո լսելը ստիպում է պատկերներ ստեղծել սեփական երևակայության մեջ։ Հուսով եմ՝ ձեր ունկնդիրները, լսելով Selector-ի հաղորդումները, իրենց պատկերացումները կձևավորեն բրիտանական մշակույթի մասին և հետաքրքրություն կունենան տեսնելու՝ արդյոք իրենց մտքում ստեղծված այդ պատկերները համապատասխանո՞ւմ են իրականությանը»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդե Հովասափյանը։

Այս գործակցությամբ Հանրային ռադիոն բրիտանական երաժշտության նոր ձայները հասանելի է դարձնում իր լայն լսարանին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ երաժշտությունը կարող է լինել ոչ միայն եթերային բովանդակություն, այլև մշակույթների միջև երկխոսության լեզու։

Leave a Comment