Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում անդրադարձել է երեք նախարարությունների անվանումների և գործառույթների փոփոխություններին։
Կառավարությունն առաջարկում է Արտաքին գործերի նախարարությունը վերանվանել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկվում է վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։
«Տնտեսական գործունեությունը, միջազգային տնտեսական կապերը պետք է լինեն մեր դեսպանատների և մեր դիվանագիտական ծառայության ամենօրյա աշխատանքային օրակարգում»,- նշել է նա։
Անդրադառնալով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանման փոփոխությանը՝ Փաշինյանն ասել է.
«Մեր ընկալումն այն է, որ նախարարությունում կձևավորվի նաև արհեստական բանականության գրասենյակ։ Լավ լուրն այն է, որ արհեստական բանականության ենթակառուցվածքն այլևս մեզ համար նորությունների թողարկման մեջ գտնվող նյութ չէ։ Վերջին մեկ տարվա ընթացքում մենք շատ լուրջ և էական զարգացումներ ենք արձանագրել»։
Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերանվանմանը՝ Փաշինյանը նշել է.
«Մենք աշխատանքը պետք է ընկալենք որպես բարեկեցության գործիք։ Հայաստանում բարեկեցության հասնելու մոդելը պետք է լինի կրթությունը, աշխատանքը, մասնագիտական կարողությունների զարգացումը, առողջ ապրելակերպն ու աշխատանքային վաստակը»։