Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը օգոստոսի 17-ին հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, հայտնել է 24News-ը՝ հղում անելով Սահակյանի օգնականին։
Զոնաբենդը հուլիսի 8-ին և 31-ին բաց նամակով դիմել էր Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ մտադիր է Բաքու մեկնել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում։ Կառավարությունից օգոստոսի 7-ին հայտնել էին, որ պատրաստ են ԱԳՆ-ի միջոցով հանդիպում կազմակերպել նրա հետ և քննարկել բարձրացված հարցերը և առաջարկը։ Կառավարությունից նաև նշել էին, որ արդեն կապ են հաստատել Զոնաբենդի հետ և փոխանցել համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները, սակայն Զոնաբենդը օգոստոսի 10-ի դրությամբ հայտնել էր, որ իր հետ կապ չեն հաստատել։
2025 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո միջազգային որևէ կառույց չի այցելել հայ գերիներին։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մյուս անդամները դատապարտվել են 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։
