Կառավարությունը վարչապետի աշխատակազմին գումար կհատկացնի․ հայտնի է` ինչի համար

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 20-ի նիստում որոշում է ընդունվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի շենքում գործող վերելակը նորով փոխարինելու վերաբերյալ։ Նոր վերելակի ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել 8 մլն 442 հազար դրամ։Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքից։

Գործող վերելակի աշխատանքը պարբերաբար խափանվում է և, ըստ հիմնավորման, կարող է վտանգ ներկայացնել աշխատակիցների կյանքի ու առողջության համար։ Այն տեղադրման օրվանից չի փոխարինվել, իսկ տարիների ընթացքում իրականացված վերանորոգումները չեն ապահովել դրա աշխատանքի էական բարելավում։

Նոր վերելակի ձեռքբերման ֆինանսավորումն ապահովելու համար առաջարկվում է նույն ծրագրի մեկ այլ միջոցառումից՝ կենդանական ծագման հումքի տեղափոխման և ոչնչացման ծառայությունների համար նախատեսված գումարից, 8.442 մլն դրամ վերաբաշխել։

Նշվում է, որ այդ միջոցառման համար նախատեսված 29 մլն դրամից 14 մլն դրամը կազմում է պայմանագրային պարտավորությունների գումարը, իսկ 15 մլն դրամը՝ ազատ մնացորդը։ Միջոցների վերաբաշխումից հետո այդ ուղղությամբ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջանա։

Նոր վերելակը, ըստ նախագծի, պետք է ապահովի ավելի մեծ անվտանգություն, հուսալիություն և էներգախնայողություն, ինչպես նաև բարելավի շենքի հասանելիությունը աշխատակիցների և քաղաքացիների, այդ թվում՝ տարեցների ու տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար։

Հատկանշական է, որ վերելակի ձեռքբերման մրցույթն արդեն անցկացվել է, և կնքվել է 8.442 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր։

Այսպիսով, նախատեսվող փոփոխության արդյունքում լրացուցիչ գումար պետական բյուջեից չի պահանջվի․ անհրաժեշտ միջոցները կվերաբաշխվեն արդեն նախատեսված ֆինանսավորումից։

Leave a Comment