Գիտությունը՝ բոլորի համար․ Հայաստանում մեկնարկում է ERNA-ն՝ Եվրոպական հետազոտողների գիշերը․ «Դպրություն»

Գիտությունը ստեղծվում է լաբորատորիաներում, հետազոտական կենտրոններում, համալսարաններում, բայց դրա արդյունքներն ապրում են հասարակության մեջ։

Որքանո՞վ է հասարակությունը տեղեկացված այդ գիտության մասին։ Որքանո՞վ է քաղաքացին հասկանում՝ ի՞նչ են անում հետազոտողները, ի՞նչ խնդիրներ են նրանք փորձում լուծել և, ամենակարևորը, ի՞նչ կապ ունի այդ աշխատանքն իր առօրյա կյանքի հետ։    

Պատկերացրեք մի երեկո, երբ գիտությունը «դուրս է գալիս» լաբորատորիաներից և հանդիպում մարդկանց՝ քաղաքային հրապարակներում, կենդանի փորձերի, ցուցադրությունների ու անմիջական զրույցների շուրջ։ Հենց այս գաղափարի վրա է կառուցված Եվրոպական հետազոտողների գիշերը՝ ERNA-ն։

Սա ամենամյա համաեվրոպական հանրային նախաձեռնություն է, որը սեպտեմբերի վերջին ուրբաթ և շաբաթ օրերին միաժամանակ անցկացվում է եվրոպական բազմաթիվ երկրներում։ Այն ստեղծվել է մեկ կարևոր նպատակով՝ հետազոտությունը և հետազոտողներին մոտեցնել հանրությանը։

Հայաստանում ERNA-ն իրականացվելու է «Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության․ դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան» կարգախոսով։

Գիշերը նախատեսված է բոլորի համար՝ փոքր երեխաներից և նրանց ծնողներից մինչև դեռահասներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, մեծահասակներ ու տարեցներ։ Այստեղ իրենց տեղը կունենան ինչպես գիտության սիրահարները, այնպես էլ նրանք, ովքեր մինչ այժմ մտածել են, թե գիտությունն իրենց համար չէ։

ERNA-ի առանցքում գլխավոր միջոցառումն է՝ մի մեծ հանդիպում գիտության, հետազոտողների և հասարակության միջև։ 2026 թվականին այն կանցկացվի սեպտեմբերի 25-26-ին։

Գլխավոր միջոցառման տարածքում այցելուները կկարողանան անցնել վեց փոխլրացնող թեմատիկ գոտիներով, որոնցից յուրաքանչյուրը գիտության մասին պատմելու է իր ձևով։

  • ԵՄ գոտի. այստեղ կներկայացվեն Եվրոպական միության ֆինանսավորման ծրագրերն ու նախաձեռնությունները։
  • Կրթազվարճանքի (Edutainment) գոտի. գիտությունը կներկայացվի խաղի և զվարճանքի միջոցով։
  • Ցուցանմուշների գոտի. կցուցադրվեն հայկական պատմական ու ժամանակակից գիտական, տեխնոլոգիական և նորարարական ձեռքբերումները։
  • Կանայք գիտության մեջ. կին հետազոտողները կներկայացնեն իրենց աշխատանքը, գիտական ուղին և հայտնի կին գիտնականների ձեռքբերումները՝ կոտրելով գիտության մասին կարծրատիպերը և ոգեշնչելով աղջիկներին ու երիտասարդ կանանց։
  • Կարիերայի կողմնորոշման անկյուն. մասնավոր հատվածում հետազոտական և նորարարական աշխատանք իրականացնող մասնագետները կպատմեն, թե ինչպիսի գիտական կարիերայի հնարավորություններ կան բիզնեսում և տեխնոլոգիական ընկերություններում։
  • «Հետազոտողի մյուս կողմը» բեմահարթակ. այստեղ հետազոտողները կներկայանան ոչ միայն իրենց մասնագիտությամբ, այլև հոբբիներով, ստեղծագործական ունակություններով ու գիտությունից դուրս հետաքրքրություններով։

«Դպրության» տաղավարում են ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանը և ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային գրասենյակի տնօրեն Տիգրան Արզումանյանը։

Leave a Comment