ՀՀ կառավարությունը կքննարկի իր իսկ ծրագիրը․ հայտարարվելու է Հայաստանի Չորրորդ Հանրապետության ստեղծման մասին

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը» ասվում է Կառավարության օգոստոսի 20-ի նիստի օրակարգում ներառած նոր կառավարության ծրագիրը հաստատելու որոշման հիմնավորման մեջ։

«Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:

Կառավարության ծրագիրը ներառում է՝

• Նախաբան

• Արտաքին քաղաքականություն և անվտանգություն.

• Մարդկային կապիտալ և բարեկեցություն.

• Տնտեսական վերափոխում.

• Քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ.

• Ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար.

• Ինստիտուցիոնալ զարգացում.

• Ամփոփում:

Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում կհաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը»,- ասվում է փաստաթղթում։

Ամբողջ ծրագիրը օրակարգի 24-րդ հարցում:

85 էջից բաղկացած ծրագիրը ամփոփվում է հետևյալ մտքով.

«Այս ծրագրի հիման վրա Կառավարությունն ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը և իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն»։

Leave a Comment