ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ տնտեսական «պատերազմ» սկսելու մասին։
«Այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենաավերիչ տնտեսական գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», — Truth Social-ում գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև սպառնացել է «զանգվածային» պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն աջակցել Իրանին կամ գործարքներ կնքել Թեհրանի հետ։
«Մեզ անհրաժեշտ է մեր բոլոր դաշնակիցների աջակցությունը՝ իրանական սպառնալիքը մեկուսացնելու և հաղթահարելու համար»,-ընդգծել է Թրամփը։
ԱՄՆ-ն արդեն իսկ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային, նավագնացության և ֆինանսական ոլորտների նկատմամբ՝ նպատակ ունենալով սահմանափակել Թեհրանի եկամուտները, մասնավորապես՝ էներգակիրների արտահանումից ստացվող միջոցները։
Թրամփի հայտարարած նոր միջոցները շարունակությունն են ապրիլի սկզբին Վաշինգտոնի կողմից հայտարարված «Տնտեսական զայրույթ» գործողության շրջանակում իրականացվող ճնշման արշավի։
Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման ֆոնին օգոստոսի 18-ին Միացյալ Արաբական Էմիրությունները հայտարարել էին Թեհրանի հետ առևտրային փոխանակումների և ֆինանսական գործարքների կասեցման մասին՝ մինչև հետագա ծանուցումը։
ԱՄԷ իշխանությունները Իրանին մեղադրել էին երկրի ուղղությամբ երկու հրթիռ արձակելու մեջ՝ պնդելով, որ հարձակման թիրախը ծովային նավատորմն էր։ Իրանը հերքել էր այդ մեղադրանքները։