Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի N 459-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանվել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը։ Որոշման 6-րդ կետով նախատեսվել է, որ որոշման գործողությունը տարածվում է 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա։
Հարկ է նշել, որ ներկայումս գործող կարգավորումը սահմանում է միայն այն ժամանակահատվածը, որի ընթացքում գնված ավիատոմսերի համար կարող է տրամադրվել փոխհատուցում, սակայն չի սահմանում փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը, ինչի արդյունքում ստացվում է, որ փոխհատուցման գործընթացը կարող է շարունակվել անորոշ ժամկետով:
Արդյունքում, եթե 2026 թվականի մայիսի 31-ից հետո, այդ թվում՝ ամիսներ անց, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնի փոխհատուցում ստանալու հայտ, ապա որոշմամբ սահմանված գործող կարգավորման պայմաններում այն ենթակա կլինի ուսումնասիրության՝ անկախ այն հանգամանքից, որ փոխհատուցման միջոցառումն ունի կոնկրետ, ժամանակավոր և միանվագ բնույթ։ Նման պայմաններում արտաքին գործերի նախարարությունը պարտավորված կլինի սահմանված կարգով ընթացք տալ նաև երկար ժամանակ անց ներկայացված հայտերին՝ համապատասխանության դեպքում ապահովելով փոխհատուցման տրամադրման գործընթացը։
Փոխհատուցման հայտ ներկայացնելու վերջնաժամկետի բացակայությունը կարող է հանգեցնել գործընթացի անհարկի երկարաձգման, հայտերի ուսումնասիրության վարչարարության բարդացման, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների պլանավորման և գործընթացի վերջնական ավարտի ապահովման հետ կապված անորոշության։
Հաշվի առնելով, որ փոխհատուցում ստանալու համար հայտերի ներկայացման խելամիտ ժամկետը սպառվել է, անհրաժեշտություն է առաջացել սահմանել դրանք ներկայացնելու հստակ վերջնաժամկետ՝ մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը՝ ապահովելու համար փոխհատուցման գործընթացի կանխատեսելիությունը, իրավական որոշակիությունը և վարչարարության արդյունավետ կազմակերպումը:
Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը․
Նախագծով առաջարկվում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանել մինչև 2026 թվականի օգոստոսի 25-ը։
Նախագծի ընդունմամբ փոխհատուցման հայտերի ներկայացման համար կսահմանվի հստակ վերջնաժամկետ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել գործընթացի պատշաճ կազմակերպումը և ավարտը՝ բացառելով դրա անորոշ ժամկետով երկարաձգումը։ Միաժամանակ, կապահովվի դիմողների համար իրավական որոշակիություն, իսկ արտաքին գործերի նախարարության համար՝ հայտերի ընդունման, ուսումնասիրության և համապատասխան ընթացքի ապահովման հստակ ժամկետային շրջանակ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։
Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։ Նախագծով նոր ֆինանսական պարտավորություն չի սահմանվում, փոխհատուցման շրջանակը չի ընդլայնվում և նոր շահառուներ չեն ավելացվում։ Առաջարկվող կարգավորումը վերաբերում է միայն փոխհատուցման հայտերի ներկայացման վերջնաժամկետի սահմանմանը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Արտաքին գործերի նախարարություն» բաժնի 16-րդ կետով նախատեսված՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության միջոցառումից։