Գործադիրը սոցիալական աջակցության նոր ծրագիր է հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։ Այս անգամ պետությունը մասնակիորեն կամ ամբողջությամբ կփոխհատուցի 2 կամ 3 անդամից բաղկացած ընտանիքների բնակարանների վարձավճարները։ Ծրագրից օգտվելու համար պարտադիր պայմաններ կան:
Պետությունը մասնակիորեն կփոխհատուցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների բնակարանների վարձակալության վճարները, որոնք հրաժարվել են բնակապահովման ծրագրից կամ չեն ընդգրկվել այնտեղ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 40 հզր դրամ՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։ Ծրագիրը նախատեսված է 10 տարվա համար․
«Շահառու են այն ընտանիքները, որոնք փոքր կազմ ունեն՝ 2 կամ 3 հոգի են, բաղկացած են հաշմանդամություն ունեցող անձանցից, կամ ընտանիքի անդամների տարիքը գերազանցում է 60 տարեկանը։ Եթե 2 հոգի են, տարիքի գումարը պիտի լինի 115 և ավելի, և եթե 3 անձից են բաղկացած 175 և ավելի։ Նաև պարտադիր պայման է, որ նրանք ունենան ՀՀ քաղաքացիություն, այնպես, ինչպես բնակարանի հավաստագիր ստանալու պայմանն է, նաև պայման ունենք, որ նրանք պիտի նախօրոք գրանցվեն մեր սոցիալական բնակարանի հերթացուցակում»։
Սոցիալական բնակարանների հերթացուցակում գրանցվելու համար շահառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայություն։ Դրանից բացի՝ նաև պետք է հրաժարվեն բնակարանի հավաստագրից։ Դրանից հետո միայն քաղաքացիները ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել housing.socservice.am հարթակի միջոցով․
«Վարձավճարի մասով իրականում մենք նշել ենք մասնակի փոխհատուցում, որպեսզի աշխարհագրական որևէ խոչընդոտ չունենան, եթե ցանկանում են բնակվել Երևան քաղաքում, որտեղ բնականաբար վարձավճարները ավելի բարձր են, մենք կփոխհատուցենք դրա փոքր մասը, բայց մարզային բնակավայրերում կլինեն նաև բնակավայրեր, որ ամբողջությամբ կփակի վարձավճարը»։
Սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու մյուս պայմանը վարձակալի ու վարձատուի կնքած պայմանագիրն է․
«Բնականաբար մենք չենք կարող ֆինանսավորել մի ծրագիր, որտեղ չկան ֆորմալ հարաբերություններ։ Պարտադիր է դա ոչ միայն այն տեսակետից, որ հարկերը պիտի վճարվեն այդ վարձակալության ծառայության, այլ նաև պարտադիր է մեզ համար, որ և՛ վարձակալի, և՛ վարձատուի իրավունքները պաշտպանված լինեն»։
Ծրագիր ընդգրկվելուց հետո շահառուն չի կարող հրաժարվել աջակցությունից ավելի վաղ, քան 10 տարին լրանալը։ Այնուհետև պարտադիր պետք է դիմի սոցիալական բնակարաններ ձեռք բերելու համար։ Այս պահին 200 նման բնակարան կա, որից միայն 12-ն են ազատ։ Պետությունն այժմ սոցիալական տներ է կառուցում Արտաշատում և Վանաձորում՝ ասում է Լուսինե Քոչարյանը։ Կան նաև բնակարաններ, որոնք դեռ նախագծային փուլում են։