ԱՄՆ-ի 29 նահանգ և բազմաթիվ ծնողներ հայց են ներկայացրել դատարան՝ փորձելով պատասխանատվության ենթարկել Մարկ Ցուկերբերգի գլխավորած Meta ընկերությանը։ Նրանք պնդում են, որ Facebook-ն ու Instagram-ը գործում են երեխաների և դեռահասների համար կախվածություն առաջացնող մեխանիզմներով։
Meta-ն հերքում է մեղադրանքը և պնդում, որ ապահովում է սոցիալական հարթակների անվտանգությունը։ Մասնագետները կարծում են, որ դատարանի վճիռը կարող է էական ազդեցություն ունենալ ոչ միայն Meta-ի, այլև սոցիալական մեդիայի ամբողջ ոլորտի վրա։
Meta-ի դեմ դատավարությունը սկսվել է օգոստոսի 18-ին Օքլենդի դաշնային դատարանում։ Հայցվորները ամերիկյան 29 նահանգներն են, դրանց թվում՝ Կալիֆոռնիան, Կոլորադոն, Կենտուկին և Նյու Ջերսին։
Հայցվորները պահանջում են արմատապես փոխել «Meta» ընկերության սոցիալական հարթակների աշխատանքի տրամաբանությունը։ Նրան պնդում են, որ Meta-ն խախտել է մինչև 13 տարեկան երեխաների տվյալների պաշտպանության դաշնային օրենքը՝ COPPA-ն։ Հայցվորները կարծում են, որ Facebook-ն ու Instagram-ը գիտակցաբար նախագծվել են այնպես, որ երեխաներին ու դեռահասներին հնարավորինս երկար պահեն այս հարթակներում։ Խոսքն անվերջ թարմացվող ժապավենի, լայքերի, ծանուցումների և այլ մեխանիզմների մասին է։
Instagram-ի անվտանգության նախկին ղեկավար Վայշնավի Ջայակումարը դատարանում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Meta-ի՝ անչափահասների պաշտպանության քաղաքականության վերաբերյալ։
Նա, մասնավորապես, նշել է. «Ձեր հաշիվը չէր արգելափակվի, նույնիսկ եթե անչափահասները մարմնավաճառության կամ սեռական բնույթի առաջարկներ ստանային։ Եթե նման 16 խախտում լիներ, միևնույն է Մետան ոչինչ չէր անի։ Միայն 17-րդ խախտման դեպքում հաշիվը կկասեցվեր։ Սա անհավանական բարձր շեմ է»։
Instagram-ի անվտանգության նախկին ղեկավարը կարծում է, որ «Meta»-ն տեղեկացված էր հնարավոր վտանգների մասին։
«Ընկերությունը գիտեր անչափահասներին սպառնացող լուրջ վտանգների, հոգեկան առողջության խնդիրների և վնասակար բովանդակության մասին, սակայն միտումնավոր թաքցրել է այդ ամենը հանրությունից ու Կոնգրեսից՝ հրաժարվելով ուժեղացնել անվտանգության միջոցները»։
Ըստ BBC-ի՝ դատավարությունը կարող է լուրջ հարված հասցնել կազմակերպությանը։ Հնարավոր փոխհատուցումը կարող է հասնել 1.4 տրիլիոն դոլարի։
Եթե դատարանը բավարարի հայցը, Ֆեյսբուքում և Ինստագրամում կարող է վերանալ հավանումների հնարավորությունը, սահմանափակվել լրահոսն ու սթորիների բաժինը։
Հայցվորները ցանկանում են պարտադրել նաև, որ փոխվի աշխատանքի տրամաբանությունը։ Նրանք պահանջում են, որ հարթակներում ներդրվեն ծնողական վերահսկողության խիստ մեխանիզմներ՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար։
Meta-ն հերքում է մեղադրանքները։ Ընկերության փաստաբանները պնդում են, որ ներկայացվող փաստաթղթերը հաճախ կտրված են համատեքստից, իսկ ընկերությունը լուրջ քայլեր է ձեռնարկում անչափահասների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նրանց տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․
«Մենք կտրականապես համաձայն չենք այս մեղադրանքների հետ և վստահ ենք, որ ապացույցները ցույց կտան երիտասարդներին աջակցելու մեր երկարամյա հանձնառությունը»։
Գործը վարում է Կալիֆոռնիայի գլխավոր դատավոր Իվոնն Գոնսալես Ռոջերսը, որը հայտնի է որպես խիստ և անկողմնակալ իրավաբան։
Ըստ նախնական կանխատեսումների՝ դատավարությունը կարող է տևել մի քանի ամիս։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք հայցվորները կկարողանան ապացուցել, որ Meta-ն ոչ միայն գիտեր ռիսկերի մասին, այլև գիտակցաբար էր ընտրել այդ ճանապարհը՝ օգտատերերի ներգրավվածությունն ու գովազդային եկամուտները մեծացնելու համար։