ՌԴ նախարարի խորհրդականը հրաժարական է տվել․ Զախարովան խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին՝ Ադրբեջանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներից հետո, նա հայտնել է իր Telegram ալիքում։

Չադաևը նշել է, որ իր հրապարակային հայտարարություններն արտահայտում են բացառապես անձնական կարծիք, մինչդեռ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը կենտրոնացած է պետական նշանակության հարցերի վրա։

«Իմ որոշման տրամաբանությունը պարզ է։ Ես ճիշտ չեմ համարում, որ որևէ մեկի անձնական փորձագիտական դիրքորոշումը կամ հրապարակային հայտարարությունները ազդեն միջպետական համագործակցության վրա և խոչընդոտներ ստեղծեն երկրների համատեղ աշխատանքի համար»,- հայտարարել է Չադաևը։

Նա հավելել է, որ իր գործունեության հիմնական ուղղությունները շարունակում են մնալ անօդաչու թռչող սարքերը, ռազմական և քաղաքացիական ոլորտների ինտեգրացիան, ինչպես նաև հարձակողական ԱԹՍ-ներ արտադրող «Ուշկույնիկ» ձեռնարկությունը։

Իրավիճակին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կպաշտպանի Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից միջազգային հետախուզման մեջ հայտարարված Ռուսաստանի երեք քաղաքացիների շահերը։

Զախարովան ընդգծել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան գործող երկկողմ իրավական հիմքի, առաջին հերթին՝ 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի շրջանակում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում պարբերաբար հայտնվում են Մոսկվայի նկատմամբ անբարյացակամ բնույթի հրապարակումներ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին համապատասխան խորհրդակցությունների ընթացքում հանգիստ և կառուցողական քննարկել տեղեկատվական միջավայրի բարելավման հարցերը։

Զախարովան հույս է հայտնել, որ նման երկխոսություն, ի վերջո, տեղի կունենա։

Leave a Comment