Հայաստանն ու Հնդկաստանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցության հուշագիր են ստորագրել։ Փաստաթղթով նախատեսվում են հետազոտություններ, մշակումներ, նորարարություն և համատեղ արտադրության ուղղություններ, ինչպես նաև համատեղ նախագծերի, պաշտպանական տեխնոլոգիական ստարտափների և մասնագետների փոխանակում։
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի՝ Հայաստան այցի ընթացքում ստորագրված փաստաթուղթը նոր փուլ է արդեն ձևավորված ռազմատեխնիկական գործակցության մեջ։ Եթե մինչև այժմ դրա առանցքը Հնդկաստանից Հայաստան սպառազինության մատակարարումն էր, ապա այժմ կողմերը խոսում են նաև տեխնոլոգիաների, հետազոտության և արտադրության մասին։
Սինգհը երկօրյա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանի հետ, ապա լրատվամիջոցների հետ զրույցում շեշտել է՝ հարաբերությունները պետք է դուրս գան գնորդի և վաճառողի դասական մոդելից։
«Հնդկաստանը սա դիտարկում է որպես փոխշահավետ գործընկերություն՝ ոչ թե պարզապես որպես գնորդի և վաճառողի հարաբերություններ, այլ որպես երկարաժամկետ համագործակցություն՝ համատեղ արտադրության և գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների շեշտադրմամբ՝ օգտագործելով երկու կողմերի փոխլրացնող հնարավորությունները»։
Հայաստան-Հնդկաստան պաշտպանական կապերը հատկապես ակտիվացել են 2020-ի պատերազմից հետո, երբ Հայաստանը սկսեց պաշտպանական նպատակներով ընդլայնել գործընկերների շրջանակը։ Այդ երկրից արդեն ձեռք են բերվել տարբեր տեսակի պաշտպանական համակարգեր՝ այդ թվում Pinaka համազարկային կրակի համակարգեր, ATAGS հրետանային համակարգեր, ռադարներ և այլ պաշտպանական տեխնիկա։
Սինգհը այցելել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
«Կադրերի պատրաստման, կարողությունների զարգացման և ինստիտուցիոնալ փոխանակման ոլորտներում մեր համագործակցությունը նույնպես մեծ նշանակություն ունի և պահպանում է իր արդիականությունը»։
Այսինքն՝ հնդկական կողմը գործակցության առանձին ուղղություն է դիտարկում ապագա մասնագետների համատեղ պատրաստումը։
«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ մասնագետների պատրաստման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության ոլորտում առաջացող մարտահրավերներին»։
Հնդկական մամուլն ակտիվորեն գրում է ՀՀ կապերի ակտիվացման մասին՝ սա դիտարկելով Հարավային Կովկասում ուժային հարաբերակցության փոփոխություն։
Drishti IAS-ը, հղում անելով պաշտոնական տվյալներին, նշում է, որ 2023-24 ֆինանսական տարում Հայաստանը հնդկական պաշտպանական արտադրանքի երեք խոշորագույն արտահանման ուղղություններից մեկն է եղել՝ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից հետո։ Հրապարակման համաձայն՝ 2024-25 ֆինանսական տարվա սկզբին Հայաստանի և Հնդկաստանի միջև կնքված պաշտպանական գործարքների ընդհանուր արժեքը հասել է մոտ 600 միլիոն դոլարի։
Times of India-ն, անդրադառնալով Սինգհի այցին, գրում է․
«Այս այցն ընդգծում է Հնդկաստանի մտադրությունը՝ խորացնելու Հայաստանի հետ պաշտպանական կապերը՝ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում»։
Գործակցության նոր փուլում ակնկալվում է ռազմատեխնիկական կապը վերածել ավելի խոր՝ արդյունաբերական և տեխնոլոգիական գործընկերության։
Ուշագրավ է նաև տեղեկատվական մոտեցումների տարբերությունը։ Հնդկական մամուլը հաճախ հրապարակում է Հայաստանի հետ ռազմական գործակցության ծավալների և առանձին համակարգերի մասին ավելի մանրամասն տվյալներ։ Հայկական պաշտոնական հաղորդագրություններում, հակառակը, տեխնիկական և քանակական մանրամասները սովորաբար սահմանափակ են․ շեշտը դրվում է ուղղությունների և պայմանավորվածությունների վրա։