Մայքլ Գեղամ Քրմոյան․ Ֆրեզնոյից մինչև Բրոդվեյ՝ հայկական բասի ճանապարհը. «Արդեն 100 տարի»

Մայքլ՝ ծննդյան անունով Գեղամ Քրմոյանը, ծնվել է Ֆրեզնոյում 1921 թվականի նոյեմբերի 29-ին՝ ծաղկավաճառ Միսաք–Փոփո Քրմոյանի և Պերճուհի Զուլալյան-Քրմոյանի ընտանիքում: Նրանք երկուսն էլ Ամերիկա էին հասել Արևմտյան Հայաստանից՝ ցեղասպանության և տարագրության հետևանքով:

Մայքլ Քրմոյանը երաժշտական կրթություն է ստացել Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիայում և Լոս Անջելեսի համալսարանի օպերայի ու դրամայի բաժնում։ Այստեղ նա մշակել է իր գեղեցիկ բասը և բեմ բարձրացել Ամերիկայի ու Եվրոպայի օպերային և համերգային տարբեր բեմերում: Ժանրային առումով նրա հայտագիրը մեծ ընդգրկում ուներ՝ դասականից մինչև ժամանակակից ամերիկյան, աֆրիկյան, ռուսական, հայկական երգեր, հատկապես՝ Կոմիտաս: Նա երգել է նաև Հոլիվուդի և Բրոդվեյի մյուզիքլներում: Շուտով նա տեղափոխվել է Նյու Յորք: Մյուզիքլ ժանրում նրա առաջնախաղը եղել է 1954 թվականին Բրոդվեյում, որտեղ երգել է «Վարդագույն զուգագուլպաներով աղջիկը» բեմադրության մեջ: Փայլել է նաև «Արքան և ես» ու Ռիչարդ Ռոջերսի «Օկլահոմա» մյուզիքլներում:

1971 թվականին Մայքլ Գեղամ Քրմոյանը հյուրախաղերով Երևանում էր, և այս այցը լավ առիթ դարձավ ձայնագրվելու ու իր արվեստը Հայաստանի ձայնասփյուռի Ոսկե ֆոնդում թողնելու համար: Իսկ 1988 թվականին՝ Սպիտակի սոսկալի երկրաշարժից հետո, նա մի քանի այլ հայազգի արվեստագետների հետ ձեռնամուխ եղավ արհավիրքից տուժածների համար բարեգործական ձեռնարկների կազմակերպմանը:

Մայքլ Քրմոյանի կինը՝ Կատերինա Գելեզնովան, պարուհի էր Չեխոսլովակիայից: Նա լավ հայր դարձավ կնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված որդու՝ Վլադ Վարդելի համար: 1994 թվականի սեպտեմբերի 21-ին Մայքլ Գեղամ Քրմոյանը մահացավ Նյու Յորքի Սլոան-Քեթերինգի քաղցկեղի կենտրոնում: Նա, ինչպես և իր կինը, հուղարկավորված է Քվեբեքի Սուրբ Սերաֆիմի ռուսական ուղղափառ գերեզմանատանը:

Ի դեպ, Մայքլ Քրմոյանի զարմիկը՝ Լորեն Թուլաջյանը, Ամերիկայում հայտնի կոմպոզիտոր է, երաժշտական պրոդյուսեր և ռադիոհաղորդավար: Նա Նյու Յորքում հիմնադրված ձայնային հետարտադրության (audio post-production) և երաժշտական արտադրության առաջատար Sandblast Productions ընկերության համասեփականատերն է: Երկար տարիներ համագործակցել է հեղինակավոր Signature Theatre Company-ի հետ, երաժշտություն է գրել Արթուր Միլլերի, Սեմ Շեփարդի, Հորթոն Ֆուտի պիեսների համար: Մայքլ Քրմոյանի տաղանդավոր զարմիկը երգեր է գրել և երաժշտական ձևավորումներ արել նաև հանրահայտ «Սեզամ փողոց» (Sesame Street) մանկական հաղորդման համար:

Leave a Comment