Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, 2026 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով վերանայվում է օտարերկրացիների համար նախատեսված որոշ իրավունքների շրջանակը։
Նոր կարգավորմամբ «հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձինք» ձևակերպումը փոխարինվում է ավելի նեղ ձևակերպմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցելու հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ։
Այսինքն՝ օրենսգրքի համապատասխան դրույթներում հատուկ կացության կարգավիճակն այլևս ինքնին հիմք չի համարվի նախատեսված հողային իրավունքներից օգտվելու համար։
Փոփոխությունները վերաբերում են, մասնավորապես, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համապատասխան դրույթներին։
Իսկ ի՞նչ կլինի այն օտարերկրացիների դեպքում, որոնք արդեն ունեն հատուկ կացության կարգավիճակ։
Օրենքը նախատեսում է անցումային դրույթ։ Այն անձինք, որոնք մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը ստացել են հատուկ կացության կարգավիճակ, դրա ժամկետի ավարտը շարունակում են օգտվել հատուկ կացության կարգավիճակից բխող և Հողային օրենսգրքով իրենց վերապահված իրավունքներից ու պարտականություններից։
Այսպիսով, փոփոխությունը հիմնականում վերաբերում է նոր կարգավորմանը՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից հետո, իսկ մինչ այդ հատուկ կացության կարգավիճակ ստացած անձանց համար պահպանվում են իրենց իրավունքները մինչև այդ կարգավիճակի ժամկետի ավարտը։
Օրենքն ընդունվել է 2026 թվականի հունվարի 20-ին։