Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրվել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը

Ազգային ժողովի՝ օգոստոսի 18-ի նիստում քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։

Որակյալ առողջապահությունն ուժեղ պետության և առողջ հասարակության հիմքն է, ինչն ապահովում է զարգացող տնտեսություն և պետության սոցիալական բեռի նվազեցում։ Այս մասին իր ելույթում նշել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լուսինե Բադալյանը՝ ընդգծելով 2018 թվականից հետո իրականացված արմատական փոփոխությունները։

Լուսինե Բադալյանի խոսքով մինչև 2018 թվականը համակարգն ունեցել է լուրջ մարտահրավերներ, մասնավորապես՝ մարզային առողջապահության ցածր հասանելիություն և կենտրոնացվածություն մայրաքաղաքում։ Խնդիրները լուծելու համար մարզային ԲԿ-ները տեղափոխվել են նախարարության ենթակայության տակ, կատարվել են մեծ ներդրումներ, իսկ 2021-2025 թվականներին կառուցվել կամ հիմնովին վերանորոգվել է 21 առողջապահական հիմնարկ։ Նշվել է, որ բարեփոխումները շարունակական են և միտված են մարդկային ներուժի զարգացմանն ու ծառայությունների հասանելիության բարձրացմանը։

Թեկնածուն ընդգծել է, որ 7-րդ գումարման ընթացքում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և ամբողջությամբ ընդունել է 91 օրենքի նախագիծ, որից 9-ը՝ հեղինակել է ինքը։ 8-րդ գումարման Ազգային ժողովի ընթացքում հանձնաժողովը քննարկել է 86 օրենսդրական նախագիծ, որից 19-ը՝ թեկնածուի հեղինակմամբ։

Լուսինե Բադալյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։

Leave a Comment