Թրամփը քարտեզ է հրապարակել, որտեղ Հորմուզը նշված է որպես ԱՄՆ տարածք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է մի քարտեզ, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես «ԱՄՆ նոր տարածք»։

Այս հրապարակումը հայտնվել է նրա Truth Social սոցիալական ցանցում։ Պատկերում տարածաշրջանի քարտեզն է, որտեղ նեղուցի գոտին վերցված է շրջանակի մեջ, իսկ վերևում անգլերենով գրված է՝ «NEW U.S. Territory» («ԱՄՆ նոր տարածք»)։

Թրամփն այս նկարը տարածել է առանց որևէ կից տեքստի կամ պաշտոնական բացատրության։ Ընդ որում, քարտեզի վրա նշված շրջանակի մեջ են հայտնվել ոչ միայն նեղուցի միջազգային ջրերը, այլև Իրանին, Օմանին և Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող ցամաքային տարածքներ։

Թրամփն արդեն հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հռչակել ամերիկյան տարածք։ Իր այս պահանջը նա պատճառաբանել էր նրանով, որ Միացյալ Նահանգներն իրականում ամբողջությամբ վերահսկում է այդ հատվածը ծովային շրջափակման միջոցով։

Իրավիճակն այս տարածաշրջանում սրվել էր դեռ հուլիսին, երբ դադարեց գործել ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված ժամանակավոր համաձայնագիրը, ինչից հետո Իրանը հայտարարեց միջանցքը փակելու մասին, իսկ ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։

Իրանի իշխանությունները շատ կոշտ են արձագանքել ամերիկյան նախագահի այս հրապարակմանը։ Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը հնարավոր չէ գրավել որևէ գրառումով և խոստացել է, որ իրանական ուժերն արագ կցրեն Թրամփի պատրանքները։ Իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն ընդգծել է, որ նեղուցը չի բացվի նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել շրջափակումն ու չի ապասառեցրել իրանական ակտիվները։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի կառույցներն ու Միջազգային ծովային կազմակերպությունը շեշտել են, որ ԱՄՆ-ն ոչ մի օրինական իրավունք չունի Հորմուզի նեղուցն իրենը համարելու կամ այնտեղով անցնող նավերից փող գանձելու համար։

Leave a Comment