
Թուրքիան դեռևս չի կարողանում ձեռք բերել ամերիկյան F-35-ներ ռուսական S-400-ի պատճառով. ամերիկյան Semafor հրատարակության տվյալներով՝ ռուսական ՀՕՊ համակարգը մեկ այլ երկրի վաճառելու բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու ծրագրերը մնացել են փակուղու մեջ՝ հայտարարումից հետո ավելի քան մեկ ամիս: Հիմնական խոչընդոտներից մեկը ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգն է, որից Անկարան պետք է հրաժարվի։
Սա ԱՄՆ-ի օրենսդրության պահանջ է: Թուրքիան չի կարող F-35-ներին հասանելիություն ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը: Անկարան արդեն վճարել է վեց կործանիչների համար, բայց դրանք մնում են ԱՄՆ-ում, այն բանից հետո, երբ Թուրքիան հեռացվեց ծրագրից 2019 թվականին։
Տարբերակներից մեկն է՝ համակարգերը վաճառել մեկ այլ երկրի: Semafor-ի տվյալներով՝ Թուրքիան անցյալ ամիս բանակցություններ է սկսել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, բայց, կարծես, դրանք առաջընթաց չեն գրանցել։
Այնուամենայնիվ, ամերիկացի օրենսդիրները պնդում են, որ Թուրքիան պետք է ամբողջությամբ հրաժարվի S-400-ից, որպեսզի գործարքը ապաշրջափակվի։
Հավելենք, որ ըստ ամերիկացի անանուն պաշտոնյայի, եթե Թուրքիան չկարողանա վաճառել S-400-ները Էմիրություններին կամ շարքից հանել դրանք, ինչպես արդեն առաջարկել է, մնում է մեկ տարբերակ՝ ոչնչացնել համակարգերը։