Էգեյան ծովում գտնվող հունական Սիֆնոս կղզում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է Efimerida ton Syntakton թերթը։
Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռը դեռևս անհայտ պատճառով կործանվել է կղզու Տոլոս շրջանում։ Նախնական տվյալներով՝ օդանավում եղել է երեք մարդ՝ երկու տղամարդ և մեկ կին։ Նրանց հայտնաբերել են առանց կյանքի նշանների։
Երկու ուղևորների և օդաչուի ինքնության ու քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան։
Ուղղաթիռը կործանվել է Տոլոս շրջանում գտնվող ուղղաթիռակայանից թռիչքից անմիջապես հետո։ Այն ընկել է բնակեցված տարածքում, սակայն որևէ տուն չի վնասվել։
Գետնին բախվելուց անմիջապես հետո ուղղաթիռը բռնկվել է։ Հրշեջները փորձում են մարել կրակը։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։