Ստամբուլի հայկական դպրոցները փակվո՞ւմ են. ինչպե՞ս է փոխվելու այնտեղ սովորող ՀՀ քաղաքացի աշակերտների կարգավիճակը   

Ստամբուլի հայկական դպրոցների շուրջ նոր քննարկում է սկսվել։ Թուրքական մամուլի որոշ հրապարակումների համաձայն՝ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներից հետո հայկական դպրոցների ղեկավարներին տեղեկացրել են, որ Հայաստանի քաղաքացիների երեխաներին այլևս չի կարելի ընդունել։ Տեղեկությունը տարածվել է նաև հայկական լրատվամիջոցներում արդեն ավելի կոշտ ձևակերպմամբ՝ «Հայաստանի քաղաքացիներին արգելել են սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում»։ Սակայն պատմությունն այդքան միանշանակ չէ։

Ստամբուլի հայկական դպրոցների փակման մասին լուրերին անդրադառնալով՝Ստամբուլում լույս տեսնող հայ-թուրքական «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նախ պարզաբանում է՝ Հայաստանի քաղաքացիների երեխաները 2012 թվականից կարողացել են Ստամբուլի հայկական դպրոցներում սովորել «հյուր աշակերտի» կարգավիճակով։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացի երեխան կարող էր սովորել հայկական դպրոցում, բայց չէր ստանում Թուրքիայի քաղաքացի հայ աշակերտի լիարժեք կարգավիճակը։ Դպրոցն ավարտելուց հետո նա պաշտոնական դիպլոմ չէր ստանում և չէր կարող մասնակցել Թուրքիայի ավագ դպրոցների ընդունելությանը։ Հիմա նախատեսվում է վերացնել այդ կարգավիճակը․

«Ուրեմն, սա արդեն սահմանափակում մըն էր, սահմանավոր ազատություն մըն էր, որպեսզի Թուրքիո քաղաքացի չեղող աշակերտն ալ օգտվի ուսման իրավունքեն։ Մեր դպրոցները, որ Ստամբուլի մեջ ունինք՝ 16 դպրոց, այդ դպրոցները մենաշնորհված են հայեցի դաստիարակություն տալու իրավունքեն, բայց պետությունը այդ դպրոցներ հաճախողների համար խիստ սահմանափակումներ ունիպետք է հայ ծնող ալ ծնած ըլլան, որպեսզի հաճախեն այդ դպրոց։ Որևէ օտարազգի աշակերտ հայ վարժարան չի գրնար ուսանի։ Նախապես այս պայմանը շատ խիստ կհետապնդվեր, հետզհետե որոշ թերացումներ եղան։ Մայրը կամ հայրը հայ եղողին զավակը արդեն հայ վարժարան  կրնա երթալ»։

Բագրատ Էստուկյանը մանրամասնում է՝ սա վերաբերում է Հայաստանի և այլ երկրների քաղաքացիների երեխաներին․  

«Անոնք, որոնք Հայաստանի քաղաքացի են կամ որևէ օտար երկրի քաղաքացի են և կբնակին Թուրքիա, իրենց զավակները պիտի կրնան ղրկել միայն պետական վարժարաններ։ Մեր վարժարաններում նախապես արդեն սահմանափակ կերպով, որպես հյուր աշակերտ արձանագրելու իրավունքը հանկարծակի որոշումով վերացավ»։

Թե ինչ հիմքով է այդ որոշումը ընդունվել, համայնքի համար դեռ հստակ չէ․

«Քննիչներ եկան մեր դպրոցները, Կրթության նախարարության քննիչներ, իրենց ձեռքին ունեին անվանացանկեր։ Նշեցին, որ այսինչ-այսինչ աշակերտներ, արձանագրությունները պետք է չնչեք։ Ի՞նչ հիման վրա է այս բանը, մինչև այսօր պարզված չէ»։

Ինչո՞ւ է տարիներ շարունակ գործող «հյուր աշակերտի» կարգավիճակը վերացվել, համայնքը հստակ պատասխան չի ստացել։ Էստուկյանի խոսքով՝ համայնքն էլ դեռ բավարար հետևողականություն չի ցուցաբերել․

«Դժբախտաբար, որքան որ ես կտեսնեմ, մեր պոլսահայ համայնքը այս մասին հստակ դիմադրությունը չէ գոյացած, հաշիվը չէ պահանջված, հարցումը չէ ուղղված»։

Ուշագրավ է, որ ստուգումներից կարճ ժամանակ առաջ Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը Ստամբուլում հանդիպել է հայկական համայնքի և կրթական պատասխանատուների հետ, բայց ՀՀ քաղաքացիների երեխաների հարցն այդ հանդիպումներին չի քննարկվել․

«Այդ օր այս տեսակի նյութն օրակարգի չէր եկած, հանկարծակի ի՞նչ փոխվեցան որ։ Իր այցելության 10 օրե վերջ նման քննիչներ այցելության ենթարկվեցինք, և անոնք ալ այս որոշումը հրապարակեցին մեզի։ Ինչպես ասի, այս մասին հստակ որևէ տեղեկություն չունենք, որևէ բացատրություն չունենք»։

Ստամբուլում, հայկական 16 դպրոցներից զատ, գործում է նաև Հրանտ Դինքի անվան դպրոցը։ Բայց այն ունի իրավական այլ կարգավիճակ, քանի որ ստեղծվել է Հայաստանից աշխատանքային միգրացիայի մեկնած ընտանիքների երեխաների համար, գործում է Հայաստանի կրթական ծրագրով։ 2026-ի տվյալներով՝ ունի մոտ 50 սան։
«Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ որոշումը չի ազդի այստեղ ընդունվող աշակերտների վրա․

«Հրանտ Դինքի դպրոցը իրականության մեջ պաշտոնական հանգամանքը չունի։ Այդ դպրոցը դե ֆակտո դպրոց մըն է։ Պետությունը անգամ տեղյակ չէ, պետությունը թույլտվություն չէ շնորհած։ Անշուշտ որ գիտե այդ դպրոցի գոյությունը, բայց կանտեսե, քանի որ իրեն կատարված դիմում մը չկա»։

Ստամբուլի հայկական դպրոցներում աշակերտների թիվը վերջին տարիներին նվազում է։ 2021-2022 ուստարում այստեղ սովորում էր մոտ 3 հզր աշակերտ, 2025-2026-ին՝ արդեն 2,5 հզր։ Նոր ընդունվածների թիվն էլ 2022 թվականի 480-ից նվազել է մինչև 421։ Այս պայմաններում Հայաստանի քաղաքացիների երեխաների ընդունելության սահմանափակումը ևս մեկ խնդիր է փոքրացող համայնքի համար․ աշակերտների թվի նվազումը կարող է վտանգել ոչ միայն առանձին դպրոցների, այլև հայկական կրթական կենտրոնների պահպանումը։ Բագրատ Էստուկյան․

«Այս պահին, որ 15–16 դպրոցների մասին կխոսենք, այդպիսի վտանգ գոյություն չունի, բայց եթե ընթացքը այդպես շարունակվի, արդեն տրամաբանական չի այդ դպրոցները պահելը, մանավանդ, իրենց տնտեսական հոգսերով։ Վերջապես մենք այս քաղաքի մեջ ունենք նման փորձ՝ հույն համայնքը նկատի ունենալով։ Հույների բնակչությունը հասած է 2000-ից ավելի, և անոնք ավելի շատ դպրոցներ ունեին։ Հիմա ահագին դպրոցներ կփակեն, պարզապես, աշակերտի չգոյության պատճառով»։

Նկատվում է նաև Ստամբուլի հայ համայնքի ծերացում, և, ըստ «Ռադիոլուրի» զրուցակցի, դրա հետևանքով փոքրանում է նաև այն միջավայրը, որի պահպանման համար այսօր պայքարում են հայկական դպրոցները։

Leave a Comment