Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հանդիպել է «Գրին Գրին» բնապահպանական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պոլիէթիլենային տոպրակների և պարկերի, իչպես նաև մեկանգամյա պլաստիկ սպասքի արգելքի հետ կապված օրենդրական կարգավորումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պլաստիկի սպառման նվազեցմանը, վերօգտագործման և վերամշակման խթանմանը, ինչպես նաև կենսաքայքայվող և էկոլոգիապես առավել անվտանգ նյութերի կիրառման հնարավորություններին։

Ընդգծվել է, որ պլաստիկ թափոնների խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է համալիր մոտեցում՝ համադրելով պետական քաղաքականությունը, մասնավոր հատվածի պատասխանատվությունը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումն ու հանրային իրազեկվածության բարձրացումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև սպառողական վարքագծի փոփոխությանն ու կայուն սպառման մշակույթի ձևավորմանը։ Այս համատեքստում կարևորվել են կրթական և իրազեկման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բազմակի օգտագործման և շրջակա միջավայրի համար առավել անվտանգ արտադրանքի նկատմամբ պահանջարկի խթանումը։

Կողմերը կարևորել են պետական, մասնավոր և հասարակական հատվածների համագործակցությունը՝ պլաստիկ թափոնների կրճատմանն ուղղված արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ մշակելու և ներդնելու նպատակով, և պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն այս ուղղությամբ։

Հիշեցում
2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը՝
🔘 առևտրի օբյեկտներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքներում,
🔘 հանրային սննդի օբյեկտներում,
🔘 բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։

Leave a Comment