Ռուս-ուկրաինական պատերազմը չորրորդ տարում է, իսկ դրա ավարտի բանաձևը դեռ փնտրում են։ Արևմուտքը բանակցել է, հանդիպել, զգուշացրել, զենք ու միլիարդներ է ուղարկել Ուկրաինային, պատժամիջոցների արդեն 21 փաթեթ է ընդունել։ Եվ հիմա պատրաստվում է ևս մեկին՝ ամենամեծը։ Բայց, կարծես, լուծումը կարող է շատ ավելի պարզ լինել։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ասում է՝ ինքն այն գտել է․ «եթե պատերազմի գինը Պուտինի համար բավական բարձր դարձնես, նա ստիպված կլինի վերանայել պատերազմը շարունակելու իմաստը»՝ Sky News-ին ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Պատերազմը շարունակվում է, պատժամիջոցները՝ նույնպես։ Իսկ պատերազմի ավարտի տարբերակները կարծես դարձել են առանձին ժանր։ Այս անգամ իր տարբերակն է առաջարկում Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը վերջին հարցազրույցներից մեկում կրկին պնդում է՝ Արևմուտքը պետք է հստակեցնի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարը։ Նրա տրամաբանությամբ՝ եթե Ռուսաստանը հասկանա, որ Ուկրաինայի ապագան արևմտյան անվտանգության համակարգում է, Վլադիմիր Պուտինի հաշվարկները կարող են փոխվել։
«Դրա համար պատերազմը ավարտելու միջոցներից մեկն այն է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը, Փարիզը և արևմտյան այլ մայրաքաղաքներ մեկ անգամ ևս հայտարարեն, որ Ուկրաինան պետք է ՆԱՏՕ-ին անդամակցի»։
Ջոնսոնի համար սա ոչ թե պարզապես երկարաժամկետ հեռանկար է, այլ պատերազմի ավարտին հասնելու գործիք։ Այսինքն՝ տարիների պատերազմից հետո՝ նոր բանաձև։ Ջոնսոնը նույնիսկ կոնկրետացնում է՝ Ռուսաստանի սառեցված ակտիվները փոխանցել Ուկրաինային, ավելի շատ հեռահար զենք տրամադրել Կիևին, խստացնել պատժամիջոցները և կտրել ռուսական էներգակիրների համար հասանելի շուկաները։
Մինչդեռ նույն Արևմուտքը շարունակում է փորձարկել նաև ավելի ավանդական մեթոդը՝ պատժամիջոցները։ Եվրոպական միությունը հուլիսի վերջին ընդունեց Ռուսաստանի դեմ իր 21-րդ պատժամիջոցների փաթեթը։ Դրանով պատժամիջոցների տակ հայտնվեցին 48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձինք, սահմանափակումներ մտցվեցին նավթային, էներգետիկ, ֆինանսական ոլորտների և ռուսական «ստվերային նավատորմի» նկատմամբ։ Բայց սա, պարզվում է, դեռ վերջը չէ։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է՝ աշնանը Բրյուսելը պատրաստվում է ներկայացնել պատերազմի սկզբից ի վեր ամենալայն պատժամիջոցների նոր ցանկը։
«Մենք ավելի ենք սեղմում օղակը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» շուրջ։ Այսօր մենք պատժամիջոցներ ենք սահմանել նաև Ռուսաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ։ Հանձնաժողովի հետ համատեղ աշխատում ենք նախկին ռուս զինվորականների մուտքը Շենգենյան գոտի կանխելու ուղղությամբ։ Մենք չենք ցանկանում, որ ռազմական հանցագործներն ու դիվերսանտները շրջեն մեր փողոցներում»։
Եթե ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթն ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների, ընկերությունների ու կազմակերպությունների թիվը կարող է միանգամից ավելանալ մոտ մեկ երրորդով։ Կալասի խոսքով՝ պատժամիջոցներն արդեն Ռուսաստանին ավելի քան մեկ տրիլիոն եվրոյի վնաս են հասցրել, և ճնշումը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել պատերազմը։
«Եվրոպան ունի հստակ և օրինական շահեր՝ կապված Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ավարտի հետ։ Մենք պետք է հստակ սահմանենք, թե ինչ ենք ակնկալում Ռուսաստանից՝ սահմանների նկատմամբ հարգանք, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում և առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձ։ Սրանք չափազանցված կամ անիրատեսական պահանջներ չեն։ Ռուսաստանի մաքսիմալիստական պահանջներին չի կարելի պատասխանել մինիմալիստական մոտեցմամբ»։
Այսինքն՝ 21-րդ փաթեթը դեռ գործում է և դեռ պետք է տա սպասվող արդյունքը, իսկ 22-րդի մասին արդեն խոսում են։ Եվ այստեղ էլ առաջանում է մեկ այլ հակասություն, ինչը, համենայն դեպս, ի հայտ է գալիս ռուսական և արևմտյան լրատվամիջոցների համադրմամբ։
Արևմուտքը ասում է՝ պատժամիջոցները հարվածում են Ռուսաստանի տնտեսությանը և սահմանափակում պատերազմի ֆինանսավորման հնարավորությունները։
Մոսկվան մինչդեռ շարունակում է խոսել տնտեսական աճի մասին։ Ռուսաստանի պաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն աճել է։ Աճի տեմպերը, իհարկե, զգալիորեն դանդաղել են, բայց պաշտոնական վիճակագրության լեզվով՝ տնտեսությունը շարունակում է աճել։
Վ․Պուտին. «Հայրենական տնտեսությունը, տնտեսության առանցքային բնագավառները կայուն են։ Հակառակ արտաքին ուժերի վառելիքաէներգետիկ ոլորտը ապակայունացնելու արտաքին ջանքերին, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ բարդությունները, որ ստեղծում են, ժամանակավոր բնույթ են կրում։ Եվ չեն կարող ազդել ընդհանուր տնտեսական զարգացման վրա»։
Ու ստացվում է իրարամերժ պատկեր։ Արևմուտքը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում՝ Ռուսաստանին ստիպելու պատերազմը դադարեցնել։ Ռուսաստանը պատասխանում է՝ տնտեսությունը դիմանում է։
Այս ամենի մեջ կա մի հետաքրքիր դետալ էլ։ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը պատերազմն ավարտելու առումով հույսը դնում է Թրամփի վրա։ Իսկ Թրամփը, իր հերթին, արդեն քանիցս հայտարարել է, որ ինքն էլ հավատում է՝ պատերազմը կարող է ավարտվել իր նախագահության ընթացքում։ Հուլիսին նրան հարցրել էին՝ կարծո՞ւմ է, որ պատերազմը կավարտվի իր պաշտոնավարման ընթացքում։ Պատասխանը՝ այո։ Նա կարծում է, որ Պուտինը պատրաստ է կնքել գործարք, որը կավարտի Ուկրաինայում պատերազմը։
Միայն թե Թրամփը նաև խոստովանել էր՝ ինքն ավելի վաղ էր ակնկալում պատերազմի ավարտը, բայց դրա ուղիները և մեխանիզմը դեռ փնտրվում են։