Ինչպես ներկայացնում է Iravaban.net -ը՝ կենդանու պատճառած վնասի համար, որպես ընդհանուր կանոն, պատասխանատվությունը կրում է կենդանու սեփականատերը։ Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10712 հոդվածը նախատեսում է դեպքեր, երբ վնասի հատուցման պարտականությունը կարող է կրել ոչ թե սեփականատերը, այլ կենդանուն փաստացի տիրապետողը, օգտագործողը կամ խնամողը։
Ո՞վ է հատուցում վնասը
Եթե կենդանին վնաս է պատճառել այլ անձի կամ նրա գույքին, վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանու սեփականատերը։
Օրինակ՝ եթե սեփականատիրոջ շունը վնաս է պատճառել հարևանին կամ վնասել նրա գույքը, ընդհանուր կանոնով վնասի համար պատասխանատու է շան սեփականատերը։
Իսկ եթե կենդանին ուրիշի խնամքին է հանձնված
Եթե կենդանին տիրապետման, օգտագործման կամ խնամքի է հանձնվել մեկ այլ անձի, կենդանու պատճառած վնասի համար պատասխանատու կարող է լինել հենց այդ անձը։
Օրինակ՝ եթե կենդանուն ժամանակավորապես խնամքի է վերցրել այլ անձ, և այդ ընթացքում կենդանին վնաս է պատճառել, օրենքը պատասխանատվությունը կարող է կապել կենդանուն փաստացի խնամող անձի հետ։
Միաժամանակ կարևոր է հաշվի առնել կենդանու սեփականատիրոջ և այն անձի միջև կնքված պայմանագիրը։ Եթե պայմանագրով այլ բան է նախատեսված, պատասխանատվության հարցը կարող է կարգավորվել այդ պայմանագրի համաձայն։
Ե՞րբ սեփականատերը կարող է չպատասխանել
Օրենքը նախատեսում է նաև հատուկ բացառություն։ Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում, եթե ապացուցում է, որ կենդանին իր տիրապետումից դուրս է եկել այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով։
Այսինքն՝ միայն այն հանգամանքը, որ կենդանին վնաս է պատճառել, ինքնին չի նշանակում, որ սեփականատերը բոլոր դեպքերում պարտավոր է հատուցել վնասը։ Կարևոր է նաև պարզել՝ ինչ հանգամանքներում է կենդանին դուրս եկել սեփականատիրոջ տիրապետումից։
Իսկ եթե սեփականատերը ստիպված է եղել հատուցել վնասը
Եթե կենդանու օգտագործման, տիրապետման կամ խնամքի ընթացքում վնաս է պատճառվել, և կենդանու սեփականատերն այն հատուցել է, նա կարող է հետադարձ պահանջ ներկայացնել այն անձի նկատմամբ, որի մեղքով վնասը պատճառվել է։
Այսինքն՝ սեփականատերը, որոշակի դեպքերում, կարող է պահանջել իր վճարած գումարի վերադարձը մեղավոր անձից։
Ի՞նչ պետք է հաշվի առնել վնասի դեպքում
Կենդանու պատճառած վնասի յուրաքանչյուր դեպքում կարևոր է պարզել՝
- ով է կենդանու սեփականատերը,
- արդյոք կենդանին այդ պահին հանձնված է եղել մեկ այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ խնամքին,
- ինչ պայմաններում է կենդանին պատճառել վնասը,
- ինչ չափի վնաս է պատճառվել,
- կա՞ արդյոք պատճառահետևանքային կապ կենդանու գործողության և վնասի միջև,
- և արդյոք առկա են հանգամանքներ, որոնք ազատում են սեփականատիրոջը պատասխանատվությունից։