Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հարվածից Wildberries-ի հերթական խոշոր պահեստ է հրդեհվել

Օգոստոսի 16-ի գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ օգոստոսի 15-ի երեկոյից մինչև օգոստոսի 16-ի ժամը 6:30-ը Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է շուրջ 600 ԱԹՍ, որոնցից 201-ը ոչնչացվել է տարածաշրջանի տարածքում։

Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհի շրջանում հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Սոբյանինի խոսքով՝ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ ԱԹՍ-ների բեկորների ընկնելու վայրերում աշխատել են արտակարգ ծառայությունները։

Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել Wildberries-ի ամենամեծ պահեստում։

Պահեստը զբաղեցնում է 200,000 քառակուսի մետր տարածք։ Դոմոդեդովոյում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել մեկ այլ լոգիստիկ կենտրոնում։

Astra-ի տվյալներով՝ հրդեհվում է Սևերնոյե Դոմոդեդովոյի տեսակավորման և լոգիստիկայի համալիրի 15-րդ պահեստը։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել բժշկական պարագաներ պարունակող պահեստում։

Leave a Comment