Սեուլը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության Փհենյանի հետ

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյունգը առաջարկել է առանց նախապայմանների բանակցություններ սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ ավելի քան 70 տարի պաշտոնապես չավարտված Կորեական պատերազմին վերջ դնելու նպատակով։

«Եկեք մի կողմ դնենք միմյանց սպառնալու ցանկությունը և, որպես անմիջական մասնակիցներ, սկսենք քննարկումներ՝ այս երկարատև պատերազմը դադարեցնելու համար»,-Կորեայի՝ ճապոնական գաղութային տիրապետությունից ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Լին:

Նրա խոսքով՝ խաղաղության շուրջ երկխոսությունը հնարավորություն կտա նաև քննարկել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետագա զարգացումը զսպելու արդյունավետ ուղիները։ Փհենյանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր միջուկային զինանոցից։

Հյուսիսային և Հարավային Կորեաները տեխնիկապես շարունակում են գտնվել պատերազմական վիճակում։ 1950-1953 թվականների Կորեական պատերազմն ավարտվել է ոչ թե խաղաղության պայմանագրով, այլ հրադադարի համաձայնագրով, ինչի հետևանքով կողմերի միջև պաշտոնական խաղաղության պայմանագիր մինչ օրս չի կնքվել։

Լի Ջե-մյունգի վարչակազմը ձգտում է մեղմել Փհենյանի հետ լարվածությունը և վերականգնել երկխոսությունը։ Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցությունների գնալ առանց նախապայմանների։

Ավելի վաղ Հարավային Կորեայի միավորման նախարարը հայտնել էր, որ Սեուլը ցանկանում է կենտրոնանալ Հյուսիսային Կորեայի միջուկային կարողությունների հետագա ընդլայնումը կանխելու վրա։

Փհենյանը դեռևս չի արձագանքել Լի Ջե-մյունգի վարչակազմի բանակցություններ վարելու կոչերին։

Ինչպես հայտնում է BBC-ին, միջազգային փորձագետները ենթադրում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այժմ ավելի քիչ է հետաքրքրված Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների և Արևմուտքի հետ հարաբերությունների կայունացմամբ, քան նախկինում, քանի որ նա ռազմականացված ԿԺԴՀ-ի հսկայական զինանոցներից արկերի և հրթիռների մատակարարման դիմաց գումար, սնունդ, վառելիք և ռազմական տեխնոլոգիաներ է ստանում Ռուսաստանից:

Leave a Comment