Բելգիայում հին տուն վերանորոգող շինարարները նկուղի պատի մեջ հայտնաբերել են ոսկե ձուլակտորների և մետաղադրամների մեծ գանձ, որի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև 9 միլիոն եվրոյի։
Գանձը հայտնաբերվել է Բելգիայի հյուսիսում՝ Դենդերմոնդե շրջանում գտնվող շենքի վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Շինարարները նկուղում կոյուղու խողովակ անցկացնելու համար բացել են պատի հատվածը և այնտեղ նկատել մեծ քանակությամբ մետաղադրամներ ու ոսկե ձուլակտորներ։
«Սկզբում կարծեցի, թե դրանք մեկ եվրոյի մետաղադրամներ են։ Բայց հետո մոտակայքում ոսկե ձուլակտոր տեսա, և մենք հասկացանք, որ շատ ավելի մեծ բան ենք գտել», — բելգիական VRT հեռարձակողին պատմել է շինարարական խմբի անդամ, 18-ամյա ուսանող Կոբեն։
Գտածոյի մասին աշխատողներն անմիջապես հայտնել են ոստիկանությանը։ Նրանց խոսքով՝ գանձն իրենց մոտ պահելու մասին խոսք անգամ չէր կարող լինել՝ ոչ միայն դրա հսկայական ծավալի, այլև այն պատճառով, որ դա գողություն կլիներ։
«Այնտեղ այնքան շատ մետաղադրամներ և ձուլակտորներ կային, որ դրանք թաքցնելը գրեթե անհնար կլիներ։ Բացի այդ, դա պարզապես գողություն կլիներ», — նշել է վարպետ Մարիոնը։
Ոստիկանության հրապարակած լուսանկարներում երևում է, որ ոսկե ձուլակտորները տարբեր նշումներ ունեն։ Առայժմ չի հաղորդվում, թե երբ են պատրաստվել ձուլակտորները կամ հատվել մետաղադրամները։ Անհայտ է նաև, թե երբ և ինչ հանգամանքներում է գանձը թաքցվել պատի մեջ։
Բելգիական լրատվամիջոցների տվյալներով՝ շենքը 19-րդ դարի վերջից պատկանել է գարեջրագործի։ Այն այժմ հիմնովին վերանորոգվում է։ Շենքը ձեռք է բերել CAW Oost-Vlaanderen կազմակերպությունը, որը Դենդերմոնդեում սոցիալական ծառայություններ է մատուցում բնակչությանը։
Գտածոյի ծագման և դրա օրինական սեփականատիրոջ հարցը պետք է պարզեն համապատասխան մարմինները։