Սերբիայի տարածքում Դանուբ գետում ջրի մակարդակը վերջին 100-150 տարվա ընթացքում ամենացածրն է, ինչը դժվարացնում է անտառային հրդեհների դեմ պայքարը։ Այս մասին հայտարարել է Սերբիայի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։
«Մենք գտնվում ենք Դանուբ-Տիսա-Դանուբ ջրանցքի մոտ։ Ինչպես գիտեք, պատմական երևույթի ականատես ենք՝ Դանուբում վերջին 100-150 տարվա ամենացածր ջրի մակարդակն է։ Իսկ հրդեհները մարելու համար ջուր է անհրաժեշտ»,- Դաչիչի խոսքերը մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Սերբիայի ՆԳ նախարարի խոսքով՝ այս պահին երկրում մեկուսացվել է հրդեհի 32 օջախ։ Միաժամանակ, հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Դելիբլատյան ավազների արգելոցում հրդեհի դեմ պայքարը դժվարացնում է բարդ ռելիեֆը։ Այստեղ ներգրավված են ուղղաթիռներ, իսկ արգելոցի տարածքում աշխատում են Սերբիայի բանակի զինծառայողներն ու Նիշում գործող Ռուս-սերբական հումանիտար կենտրոնի մասնագետները։
Դելիբլատյան ավազները տափաստանային բուսականությամբ ծածկված ավազաթմբերի համախումբ են՝ ավելի քան 380 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով։ Դրանք գտնվում են Դանուբից հյուսիս՝ Վոյեվոդինայի ինքնավար երկրամասում։ Նախկինում ավազներում բուսականություն չի եղել․ XVIII դարի վերջից տարածքում թփեր և ծառեր են տնկել այն ժամանակ տարածաշրջանը վերահսկող ավստրիական իշխանությունները։ 2002 թվականին արգելոցն ընդգրկվել է Սերբիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների նախնական ցանկում։
Դանուբում և նրա վտակներում ջրի մակարդակի նվազման պատճառը երաշտն է, որը պայմանավորված է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում շոգ եղանակով և տեղումների բացակայությամբ։