Եվրամիության անդամակցությունը Անկարայի առաջնահերթ խնդիրը չէ, իսկ Թուրքիային միության կազմում չընդգրկելու դեպքում կկորցնի հենց Եվրոպան։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Եվրամիությանն անդամակցությունը մեր առաջնահերթությունը չէ, և Թուրքիային միությանն անդամակցելու հնարավորությունից զրկելու հետևանքով կպարտվի Եվրոպան»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրները Թուրքիային ինտեգրելու պատրաստակամություն չեն ցուցաբերում։ «Ըստ ամենայնի՝ Եվրոպան չի ցանկանում Թուրքիային ներառել Եվրամիության կազմում»,- հավելել է Էրդողանը։
Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտը ներկայացրել է 1987 թվականին, իսկ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005-ին։ Հետագայում գործընթացը փաստացի սառեցվել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Կիպրոսի կարգավորման շուրջ քաղաքական տարաձայնությունների պատճառով։