Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում անդամակցել Եվրամիությանը

Եվրամիությանը միանալը Անկարայի համար առաջնահերթություն չէ. Եվրոպան է, որ տուժում է Թուրքիայի բացակայությունից, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Եվրոպան, ըստ երևույթին, չի ցանկանում, որ Թուրքիան միանա ԵՄ-ին: Սա Անկարայի համար առաջնահերթություն չէ, և Եվրոպան է, որ տուժում է Թուրքիայի բացակայությունից», – ասել է Էրդողանը կատարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին։

Հուլիսի 15-ին ԵՄ խորհուրդը հաստատել է «Ընդհանուր հասկացողություն. մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները. ԵՄ ռազմավարական միջավայրի գնահատում» փաստաթուղթը, որը պարունակում է Թուրքիայի, Կիպրոսի և տարածաշրջանային անվտանգության գնահատականներ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը փաստաթուղթը անվանել է կողմնակալ և անարդար, մինչդեռ Էրդողանի վարչակազմը պնդել է, որ այն ցույց է տալիս Բրյուսելի կողմից Անկարայի հետ համատեղ ապագայի տեսլականի բացակայությունը։

Leave a Comment