Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Ուկրաինային ամերիկյան սպառազինություն փոխանցելու հնարավոր ծրագրերի մասին տեղեկատվության կապակցությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի հրապարակած փաստաթղթերը:

Խոսքը վերաբերում է թուրքական բանակի տնօրինության տակ գտնվող ամերիկյան զինատեսակներին և զինամթերքին, որոնք հնարավոր է փոխանցվեն Կիևին:

Մոսկվայում նշել են, որ նման մատակարարումների պայմաններն ու հանգամանքները մնում են անհասկանալի, քանի որ պարզ չէ, թե ով է նախաձեռնել վերարտահանումը, և երբ ու ինչպես է զենքը հասնելու Ուկրաինա:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ չնայած փաստաթղթերում նշված զինատեսակները չեն կարող արմատապես փոխել ռազմական գործողությունների ընթացքը, սակայն նման քայլերը լուրջ վնաս կհասցնեն Վաշինգտոնի և Անկարայի հետ Մոսկվայի երկկողմ հարաբերություններին :

Բացի այդ, ըստ ռուսական կողմի, խաղաղարար հռետորաբանության զուգակցումը Ուկրաինային զենք մատակարարելու հետ խաթարում է փոխադարձ վստահությունը, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի նախկին հավաստիացումները, թե ինքը խուսափում է Կիևին մահաբեր զենք տրամադրելուց:

Leave a Comment