Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը կպարզեցվի

Անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ մշակելու վերաբերյալ Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2026 թվականի հուլիսի 24-ի նիստի N ԿԱ/214-2026 արձանագրության 91 կետով տրված հանձնարարականը, որով կվերանայվեն Որոշման 1-ին հավելվածով հաստատված՝ պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգի 17-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված՝ անհատույց տրամադրվող գույքի զբաղեցրած հողամասի մակերեսի վերաբերյալ տվյալները և շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի չափը նշելու պարտադիր պահանջները, հաշվի առնելով, որ Կադաստրի կոմիտեի կողմից գրանցված շինությունների մի մասի արժեքի հաշվարկ չի իրականացվում: Միաժամանակ առաջարկվել է քննարկել Որոշմամբ սահմանված՝ գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին ՀՀ կառավարության որոշման նախագծում ներառվելիք պարտադիր տեղեկատվության ցանկը և ըստ անհրաժեշտության վերանայել դրանք:

Ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող կարգավորմամբ անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում նախատեսվում է ներառել անհատույց օգտագործման տրամադրվող գույքի վերաբերյալ մի շարք հստակ տվյալներ, մասնավորապես՝ գույքի գտնվելու վայրը, մակերեսը, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, իսկ դրա որոշման անհնարինության դեպքում՝ գույքի սկզբնական արժեքը, ինչպես նաև այլ համապատասխան տեղեկատվություն։ Միաժամանակ, հաշվի առնելով նշված տվյալների հիմնականում փաստացի և տեխնիկական բնույթը՝ դրանք կարող են փոփոխվել, ճշգրտվել կամ թարմացվել ինչպես որոշման նախագծի մշակման և համաձայնեցման ընթացքում, այնպես էլ որոշման ընդունումից հետո՝ համապատասխան իրավահարաբերության իրականացման ընթացքում։ Նման տվյալների յուրաքանչյուր փոփոխություն, ինչպես նաև դրանցում տեխնիկական վրիպակի կամ անճշտության հայտնաբերումը գործնականում կարող է առաջացնել Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման նախագծի մշակման, սահմանված կարգով համաձայնեցման, շրջանառության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կրկին ընդունման անհրաժեշտություն, ինչը լրացուցիչ վարչական բեռ է ստեղծում և անհարկի երկարացնում իրավական ակտի ընդունման գործընթացը։

Նշված խնդրի լուծման նպատակով առաջարկվում է իրավական ակտից հանել դրա պարտադիր պարունակության մաս կազմող այն տեղեկատվությունը, որն ունի փաստացի կամ տեխնիկական բնույթ և որի հիման վրա է իրականացվում համապատասխան իրավական ակտի նախագծի մշակումը, սակայն անհրաժեշտություն չկա այն ամբողջությամբ արտացոլելու իրավական ակտի տեքստում։ Այսինքն՝ համապատասխան տվյալները կօգտագործվեն որպես նախագծի մշակման և հիմնավորման հիմք՝ առանց իրավական ակտի պարտադիր պարունակության մեջ ներառվելու։ Այդ մոտեցումը հնարավորություն կտա խուսափել տեխնիկական կամ փաստացի տվյալների փոփոխության հետևանքով իրավական ակտի վերամշակման և կրկնակի շրջանառության անհրաժեշտությունից, միաժամանակ ապահովելով որոշման ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվական հիմքը։

Այսպիսով, առաջարկվող փոփոխությունը միտված է իրավական ակտի բովանդակությունը անհարկի տեխնիկական տեղեկատվությամբ չծանրաբեռնելուն, իրավական ակտերի մշակման և շրջանառության գործընթացը պարզեցնելուն ու արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև այնպիսի տվյալների փոփոխության դեպքում, որոնք չեն ազդում անհատույց օգտագործման տրամադրման իրավական բովանդակության վրա, նոր իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությունը բացառելուն։ Նման կարգավորումը գործնականում առաջացնում է անհամաչափ վարչարարական բեռ, քանի որ բովանդակային առումով անփոփոխ իրավահարաբերության շրջանակներում նույնիսկ տեխնիկական կամ տեղեկատվական բնույթի ճշգրտումները պահանջում են կառավարության նոր որոշման ընդունում։ Արդյունքում երկարաձգվում են գույքի անհատույց օգտագործման տրամադրման ժամկետները, ավելանում են վարչարարական ընթացակարգերը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և շահառուների համար առաջանում են լրացուցիչ ժամանակային, կազմակերպչական և ռեսուրսային ծախսեր։

Բացի այդ, յուրաքանչյուր նման փոփոխության դեպքում նախագծի կրկնակի շրջանառությունն ու ընդունման գործընթացը ծանրաբեռնում են ինչպես լիազոր մարմինների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքը՝ կառավարության օրակարգում ընդգրկելով այնպիսի հարցեր, որոնք չեն հանգեցնում իրավակարգավորման բովանդակային փոփոխության և վերաբերում են բացառապես գույքի վերաբերյալ փաստացի տվյալների ճշգրտմանը։

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող կարգավորմամբ նպատակ է հետապնդվում կառավարության որոշմամբ սահմանել միայն անհատույց օգտագործման տրամադրման էական իրավական պայմանները։ Այս մոտեցումը հնարավորություն կտա բացառել տեխնիկական կամ տեղեկատվական բնույթի փոփոխությունների պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշումների ընդունման անհրաժեշտությունը, կկրճատի վարչարարական ընթացակարգերը, կապահովի գործընթացի առավել օպերատիվ իրականացումը և կնպաստի պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը։  

Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվել է վերոնշյալ պայմանները սահմանել որպես անհատույց օգտագործման տրամադրման պայմաններ, արդյունքում իրավական ակտերը չեն ծանրաբեռվի, կպարզեցվի վարչարարությունը, կբարձրանա իրավական որոշակիության մակարդակը և կապահովվի իրավակարգավորման առավել արդյունավետ ու հետևողական կիրառումը։

Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։

 

Leave a Comment