ԱՄՆ-ի հավակնությունները Հորմուզի նեղուցի նկատմամբ. Թրամփի հայտարարությունն ու Իրանի պատասխանը

Դոնալդ Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Միացյալ Նահանգների տարածք: Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Նյու Յորքի մոտակայքում գտնվող Նասաու շրջանի ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ։

«Երբ ավարտենք Իրանի պարտությունը, իսկ այն հիմա շատ ծանր պարտություն է կրում, շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք։ Ըստ էության` հենց դա էլ ունենք։ Մենք շրջափակում ենք իրականացնում։ Ոչ մի նավ չի անցնում, եթե մենք դա չենք ցանկանում»,- ասել է Թրամփը

Թրամփը պնդել է, թե ԱՄՆ-ն արդեն փաստացի վերահսկում է տարածաշրջանը և թույլ չի տալիս նավերի ազատ անցումն առանց Վաշինգտոնի համաձայնության:

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում գրել է, որ Հորմուզի նեղուցը եղել, կա և մնալու է իրանական, և նման հայտարարությունները որևէ իրավական հիմք չունեն։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը կողմերին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքն ու ապահովել քաղաքացիական նավագնացության անվտանգությունը։ Միջազգային իրավունքի մասնագետները հիշեցնում են, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի և Օմանի ջրային տարածքներում, ուստի ԱՄՆ-ի կողմից այն որպես սեփական տարածք հայտարարելը հակասում է միջազգային նորմերին։

Leave a Comment